Կալիֆոռնիայի Սիլ Բիչ քաղաքում չարագործը կրակ է բացել գեղեցկության սրահում, որի հետևանքով զոհվել է 8 մարդ: Այս մասին հաղորդում է KABC-TV-ն: Վերջին տեղեկությունների համաձայն՝ 6 մարդ մահացել է հենց դեպքի վայրում, 2-ը` հիվանդանոցում: Վիրավորներից մեկը գտնվում է ծանր վիճակում:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ի գիշերը: Հանցագործը սկզբում կրակել է գեղեցկության սրահի մոտ կանգնած մի մարդու վրա, այնուհետև մտել է սրահ և կրակ բացել:
Կասկածյալը ձերբակալվել է դեպքից անմիջապես հետո: Նրա Toyota Tundra մեքենայում հայտաբերվել է զենքի մի ամբողջ պահեստ: Տեղեկությունների համաձայն՝ հանցագործը միայնակ է գործել:
Ոստիկանությունն առայժմ տեղեկություն չի տրամադրում հանցագործի անձի և հանցագործության դրդապատճառների մասին: Ականատեսների ենթադրությամբ` նա կարող է լինել գեղեցկության սրահի աշխատակիցներից մեկի ամուսինը, և նման արարքի դրդապատճառը, հավանաբար, ընտանեկան վեճերն են: