Գերագույն դատարանի որոշմամբ ԱՄՆ-ն այլևս փախստականների չի ընդունի: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը։
«Ամերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համար։ Մենք համաձայնություններ ենք ձեռք բերել, որ եթե դուք ապաստան եք ցանկանում, ապա մենք կգտնենք երկիր, որը պատրաստ է ընդունել ձեզ», – լրագրողներին ասել է Միլլերը՝ մեկնաբանելով Գերագույն դատարանի որոշումը։
Բացի այդ, Միլլերը «կեղծ» է որակել սահմանին ապաստան տրամադրելու մասին հայտարարությունները: Նրա խոսքով՝ շատ դեպքերում ապաստան խնդրողներն ԱՄՆ-ն են հասնում այլ երկրներով, և եթե ապաստան են ցանկանում, ապա նախ պետք է այդ երկրներում խնդրեն։
«Յուրաքանչյուր դեպքում դրանք կա՛մ հանցագործներ են, կա՛մ մարդիկ, որոնք օգուտներ են փնտրում, սոցիալական աջակցություն, տնտեսական աջակցություն փնտրող միգրանտներ են և այլն։ Նրանք գալիս են ընտանիքի անդամների հետ վերամիավորվելու և այլն։ Սակայն նրանց համար լավ լուրն այն է, որ կան այլ երկրներ, որոնք պատրաստ են ընդունել նրանց», – նշել է Սպիտակ տան պաշտոնյան։








































