News Georgia-ի փոխանցմամբ՝ Facebook սոցիալական ցանցում բացվել է վրացի միլիարդատեր Բիձինիա Իվանիշվիլիի պաշտոնական էջը (http://www.facebook.com/B.Ivanishvili)։ Այն բաց է և հասանելի բոլորի համար։
Էջում տեղակայվել են գործարարի վերջին գրավոր դիմումները, ինչպես նաև Վրաստանի արդարադատության նախարարության երեկվա այն հայտարարությունը, թե Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալուց հետո Բիձինա Իվանիշվիլին զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից։
Նշվում է, որ ցայժմ Իվանիշվիլին երբեք չի հայտնվել լայն հասարակության առջև և չի սիրում հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում։
Հիշեցնենք, որ Իվանիշվիլին օրեր առաջ հայտարարեց, թե մտադիր է ստեղծել կուսակցություն և մասնակցել 2012 թվականին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
Ի դեպ, այս տարվա սեպտեմբերի վերջին SocialBakers.com կայքը հայտնեց, որ Վրաստանում Facebook սոցիալական ցանցից օգտվողների քանակը հասել է 655,700-ի, ինչը կազմում է երկրի բնակչության գրեթե 18 տոկոսը։ Այդ ցուցանիշով Վրաստանն աշխարհում զբաղեցրել է 86-րդ տեղը։










































