Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն է տարածել հունիսի 2-ի գիշերն Ուկրաինային հասցրած զանգվածային հարվածի վերաբերյալ՝ այն անվանելով օրերս Ստարոբելսկում տեղի ունեցած հարձակման և ուկրաինական այլ հարվածերի պատասխան։ Այս մասին գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել իր Telegram ալիքում։
Նախարարությունը նշել է, որ Կիևում հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի տարածքային զորակոչի կենտրոնին և 10 ձեռնարկությունների, որոնք, ի թիվս այլ բաների, արտադրում են անօդաչու թռչող սարքեր։
Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Դնեպրում թիրախը եղել է Fire Point ընկերությունը, որն արտադրում է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների դետալներ, և լոգիստիկ կենտրոն։
Նախարարությունը նաև հայտնել է Զապորոժիեի, Խարկովի, Սումիի, Խմելնիցկու և Պոլտավայի մարզերում պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին հասցված վնասի մասին։
Կիևի իշխանությունների և փրկարարների տվյալներով՝ թիրախների թվում են եղել հինգ բժշկական հաստատություններ և ավտոսրահ։ Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ քաղաքում զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 79 մարդ։
Դնեպրում հարվածներ են հասցվել բնակելի շենքերի, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 12 և վիրավորվել 37 մարդ: Փրկարարները 4-հարկանի բնակելի շենքի փլատակներից դուրս են բերել մի քանի զոհի, այդ թվում՝ երկու երեխայի մարմին:
Միջազգայնորեն չճանաչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ստարոբելսկ բնակավայրի քոլեջի վրա հարձակումը տեղի է ունեցել մայիսի 22-ի գիշերը։ Ուկրաինական հարվածի հետևանքով զոհվել է 21 մարդ, 42 մարդ վիրավորվել է։










































