«Հանուն Հանրապետության» կուսակցությունը խորին մտահոգություն է հայտնում հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններից առաջ ձևավորված վտանգավոր և լրջագույն ռիսկ պարունակող իրավիճակի կապակցությամբ, որը սպառնում է ընտրական գործընթացի ազատությանը, հանրային վստահությանը և ընտրությունների լեգիտիմությանը։
Ընտրակաշառքի, փողի ապօրինի շրջանառության և արտաքին ազդեցության մեխանիզմների վերաբերյալ մեր ստացած տեղեկությունները, ինչպես նաև պաշտոնական ու անպաշտոն հաղորդագրությունները, միջազգային հեղինակավոր մամուլի հետաքննական բացահայտումները հիմք են տալիս արձանագրելու, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից համակարգված կերպով փորձ է արվում լրջորեն ազդել ընտրությունների լեգիտիմության, որակի և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա։
Զվարթնոցի չվացուցակից և վերջին օրերի ուղևորահոսքից կարող ենք անվերապահ պնդել, որ ընտրություններից առաջ Հայաստան ժամանող ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը զգալիորեն աճել է։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, անկախ բնակության վայրից, ունի ընտրելու սահմանադրական իրավունք, սակայն երբ ընտրությունների նախաշեմին կտրուկ աճում է երկար տարիներ Հայաստանից դուրս բնակվող քաղաքացիների ներհոսքը, պետական մարմինները պարտավոր են համարժեք արձագանքել:
Այս գործընթացները չեն կարող դիտարկվել սովորական նախընտրական երևույթների շրջանակում։ Ընտրակաշառքի, ապօրինի ֆինանսական հոսքերի և կազմակերպված ներգործության մասին տեղեկությունները թույլ են տալիս պնդել, որ նպատակ է դրվել ոչ միայն ազդել ընտրությունների վերջնարդյունքի վրա, այլև կասկածի տակ դնել դրանց լեգիտիմությունը՝ դրանով հարվածելով Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական համակարգին և պետության դիմադրողունակությանը։
Այս պայմաններում դատական, ԿԸՀ, իրավապահ մարմինների կամազուրկ ու անբավարար արձագանքը, վերահսկողության բացերը կարող են ունենալ չափազանց ծանր հետևանքներ։ Ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում ոչ միայն ընտրության օրը ընտրատեղամասում այլև այն պահին, երբ հասարակությունը համոզվում է, որ պետությունը չի կանխում ապօրինի ներգործությունը քաղաքացու ձայնի վրա։
Կոչ ենք անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իրավապահ մարմիններին, սահմանային և միգրացիոն ծառայություններին անհապաղ հրապարակել ամբողջական տվյալներ ընտրություններից առաջ Հայաստան մուտք գործող ՀՀ քաղաքացիների թվի, մուտքի ուղղությունների և արձանագրվող ռիսկերի վերաբերյալ։
Կոչ ենք անում միջազգային դիտորդական առաքելություններին այս զարգացումները դիտարկել որպես ընտրությունների որակի, վստահության և լեգիտիմության վրա ազդող համակարգային ռիսկ։
Հայաստանում իշխանությունը պետք է ձևավորվի Հայաստանի քաղաքացիների ազատ, գիտակից և անկաշկանդ կամարտահայտությամբ, ոչ թե փողի, կազմակերպված ներհոսքի, վարչական ազդեցության կամ արտաքին միջամտության միջոցով։
Սա միայն ընտրությունների հարց չէ։ Սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ժողովրդավարության և պետական անվտանգության հարց է։
Հանուն Հանրապետության
Մայիսի 30, 2026թ.
Երևան









































