Այսօր 500 տպաքանակով Գյումրիում լույս է տեսել «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի պաշտոնական առաջին համարը երկու մամուլ ծավալով: Անցած 5 օրերին լույս էին տեսել թերթի փորձնական հինգ համարները` «-5», «-4», … «-1» համարներով և անվճար բաժանվել գյումրեցիներին:
Օրաթերթի հիմնադիրը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն է: Թերթի նյութերը մասնակի կամ ամբողջությամբ տեղադրվում է ակումբի www.asparez.am կայքում:
«Հիմա, երբ 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի մարզերում լույս է տեսնում առաջին օրաթերթը, ավելի քան հստակ տեսնում ենք մեր ազատությունների, պետության, քաղաքի և թերթի դեմ եղած մարտահրավերները, ամենայն լրջությամբ ենք անում այս ծանր, դժվար և պատասխանատու քայլը, պիտի անենք այնպես, որ քաղաքի մասը դառնա այս թերթը, ինչպես «Չուլոշնու» ժամացույցը, երկրաշարժերի հիշողությունները, Պլպլան ժամը, Բոշի սադն, Ձիթողցոնց տունն ու մեծերը, որ մերն են: Թերթի գործում ներդնելու ենք այս գործի այն լավագույն ավանդույթներն` ինչ ունենք. «Ախուրյան», «Արագած», «Ասպարեզ», «Նոր կյանք», «Ալեքսանդրապոլի լրաբեր», «Մանածագործ», «Բանվոր-Կումայրի», «Շիրակ», «Հինգշաբթի» «Շանթ», «Շրջապատ», հայաստանյան, հայկական և համաշխարհային փորձը»,-ասվում է թերթի առաջին համարի խմբագրականում:
Օրաթերթի առաջին համարի շնորհանդեսը կայանալու է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի Խոսքի ազատության սրահում, ժամը 14-ին: Ինտերնետում հընթացս հետևելու համար` www.asparez.am:
Թերթի գլխավոր խմբագիր Լ.Բարսեղյանի խոսքերով, թերթի թիրախները քաղաքային օրաթերթ լինելն է, բազմակարծության ապահովումը և քաղաքացիական հասարակության արտահայտման այլընտրանքային միջոց դառնալը:
«Բաց հասարակություններ հիմնադրամներ-Հայաստան»-ի օժանդակությունը թերթի զարգացման ծրագրին կազմում է մոտ 22,5 մլն դրամ` մեկ տարվա համար:
Թերթի և տպագրատան հիմնադրման գործում Ակումբի հիմնադիրների անձնական ֆինանսական և ոչֆինանսական միանվագ ներդրումը կազմում է մոտ 26 մլն դրամ, տարեկան ներդրումը մոտ 8 մլն դրամ:










































