Ֆրանսիացի արվեստագետ JR-ը, որը հայտնի է որպես «ֆրանսիական Banksy», սկսել է իր արվեստային նոր խոշոր նախագիծը Փարիզի «Pont Neuf» կամրջի վրա։ Կամրջի վրա տեղադրվում է «La Caverne du Pont Neuf» անվամբ ինստալյացիա, որը ստեղծում է հսկա քարանձավի պատրանք և ժամանակավորապես «ծածկում» է քաղաքի ամենահին կամուրջը։
Նախագիծը ունի 120 մետր երկարություն և 18 մետր բարձրություն, սակայն կառուցված է հիմնականում օդով լցված 80 տեքստիլ կամարներից և կշռում է մոտ 5 տոննա։ Այն չի վնասում պատմական կամրջի քարերին։ Աշխատանքները իրականացվել են գիշերային ժամերին՝ մի քանի փուլով, իսկ ամբողջ նախագիծը մշակվել է ավելի քան մեկ տարվա ընթացքում։
Ինստալյացիայի ներսում կստեղծվի մութ թունել, որտեղ այցելուները կկարողանան քայլել առանց բնական լուսավորության, ինչը նախատեսված է ժամանակի ընկալումը խաթարելու համար։ JR-ը նշել է, որ նախագիծը ոգեշնչված է Պլատոնի «քարանձավի առակից» և նպատակ ունի մարդկանց ուշադրությունը հրավիրել իրականության և թվային ընկալման տարբերության վրա։ Արվեստային աշխատանքը կբացվի հունիսի 6-ին և կգործի մինչև հունիսի 28-ը, որից հետո կքանդվի և նյութերը կվերամշակվեն։








































