Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Կուբայի 94-ամյա նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյին և ևս հինգ հոգու՝ 1996 թվականին կուբայա-ամերիկյան «Եղբայրներ հանուն փրկության» կազմակերպության երկու քաղաքացիական ինքնաթիռների կործանման համար, ինչի հետևանքով զոհվել էր չորս մարդ (որոնցից երեքը՝ ԱՄՆ քաղաքացիներ)։ Այն ժամանակ Կաստրոն զբաղեցնում էր Կուբայի զինված ուժերի հրամանատարի պաշտոնը։
ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը Մայամիում հայտարարել է, որ Կաստրոյին առաջադրվել են ԱՄՆ քաղաքացիների սպանության դավադրության, ինքնաթիռների ոչնչացման և սպանության անհատական մեղադրանքներ, որոնք նախատեսում են ցմահ ազատազրկում կամ մահապատիժ։ Բլանշը հավելել է, որ տրվել է Կաստրոյի ձերբակալման օրդեր, և Վաշինգտոնն ակնկալում է նրա հայտնվելը ամերիկյան դատարանում՝ «սեփական կամքով կամ այլ ճանապարհով»։
Կուբայի գործող նախագահ Միգել Դիաս-Կանելը մեղադրանքներն անվանել է «քաղաքական մանիպուլյացիա, որը զուրկ է իրավական հիմքերից»՝ պնդելով, որ Կուբան գործել է ինքնապաշտպանության շրջանակներում, քանի որ ինքնաթիռները խախտել էին երկրի օդային տարածքը։ Նա նաև նշել է, որ այս քայլով ԱՄՆ-ը փորձում է արդարացնել Կուբայի դեմ հնարավոր ռազմական ագրեսիան։






































