Ռուսաստանի և Չինաստանի միջև վերջին տարիներին քաղաքական վստահությունը ամրապնդվել է, իսկ առևտրի, ներդրումների և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը շարունակում է զարգանալ։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին մայիսի 20-ին Պեկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Վերջին տարիներին, բարդ և անկայուն միջազգային պայմաններում, Չինաստանը և Ռուսաստանը զարգացրել են ռազմավարական համակարգման համապարփակ գործընկերություն նոր դարաշրջանում՝ հիմնված հավասարության, փոխադարձ հարգանքի, բարի կամքի և փոխշահավետ համագործակցության վրա», – ասել է Սի Ծինփինն ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ։
Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև քաղաքական փոխադարձ վստահությունն անընդհատ ամրապնդվում է, և առևտրի, ներդրումների, էներգետիկայի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը կայուն զարգանում է։
«Ռուսաստանի նախագահ Պուտինը և ես միաձայն հաստատեցինք մեր երկու երկրների միջև բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի երկարաձգումը։ Մենք պետք է իրականացնենք նախագահ Պուտինի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և լիարժեք օգտագործենք պատմական հնարավորությունները՝ ամրապնդելու մեր կողմից դրված հիմքը», – ասել է Չինաստանի առաջնորդը։
Նրա գնահատմամբ՝ երկու երկրի միջև հարաբերությունները մտել են ավելի արդյունավետ և արագացված զարգացման նոր փուլ։
«Չինաստան-Ռուսաստան հարաբերությունների երկարաժամկետ, առողջ, կայուն և բարձրորակ զարգացման հաստատուն առաջխաղացումը ռազմավարական ընտրություն է, որը մենք՝ նախագահ Պուտինի հետ, համատեղ կայացրել ենք՝ հիմնվելով մեր երկու երկրների հիմնարար շահերի և համաշխարհային զարգացման ընդհանուր միտումների վրա», – հայտարարել է Սի Ծինփինը։
Իր հերթին Ռուսաստանի նախագահ Պուտինը շնորհակալություն է հայտնել Չինաստանում ջերմ ընդունելության համար։ Նա Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերությունն անվանել է նոր դարաշրջանի միջպետական հարաբերությունների մոդել։
«Ռուսաստանի և Չինաստանի միջև նոր դարաշրջանի համապարփակ գործընկերությունը և ռազմավարական փոխգործակցությունը ժամանակակից աշխարհում միջպետական հարաբերությունների մոդել է», – ասել է Պուտինը ռուս-չինական բանակցությունների ժամանակ։
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ այն հիմնված է հավասարության և միմյանց շահերը հաշվի առնելու, փոխադարձ աջակցության, բարեկամության և իրական բարիդրացիության սկզբունքների վրա։
Նա հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները բազմիցս ենթարկվել են ամրության և դիմացկունության փորձությունների։
«Մեր նպատակը ռուս և չինացի ժողովուրդների բարեկեցությունն ու բարգավաճումն է։ Այս անսասան հիմքերը թույլ են տվել մեր հարաբերություններին բազմիցս հաջողությամբ դիմակայել ամրության և դիմացկունության փորձություններին», – ասել է Պուտինը։
ՌԴ նախագահ նաև նշել է, որ Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության հիմնարար պայմանագրի ստորագրումից հետո անցած 25 տարիների ընթացքում ռուս-չինական համագործակցությունը զգալիորեն ընդլայնվել է։
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները նպաստում են համաշխարհային կայունությանը։
Հանդիպմանը նա հրավիրել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հաջորդ տարի այցելել Ռուսաստան։








































