Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ բացել Հորմուզի նեղուցը։
Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդմամբ՝ զրույցը վերաբերում էր Թուրքիայի և Եվրամիության հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ իրադարձություններին։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ձգտում է պահպանել հրադադարի ռեժիմը և խաղաղություն հաստատել տարածաշրջանային հակամարտության շրջանակում, իսկ նեղուցը պետք է հնարավորինս շուտ վերաբացվի։
Նա նաև հայտարարել է, որ Իսրայելը ցանկանում է շարունակել տարածաշրջանային հակամարտությունները, շարունակում է խախտել միջազգային իրավունքը, այդ թվում՝ զբաղվում է «ծովահենությամբ», և ընդգծել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել միջազգային ճնշումն Իսրայելի նկատմամբ։
Էրդողանը խոսել է նաև Եվրամիության հետ տնտեսական ինտեգրման խորացման մասին։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային լարվածությունը կրկին ընդգծել է Թուրքիայի և ԵՄ հարաբերությունների ռազմավարական կարևորությունը, իսկ եվրոպական անվտանգության նախաձեռնություններում Թուրքիայի մասնակցությունը կարող է օգտակար լինել։ Նա նշել է նաև Մաքսային միության արդիականացման անհրաժեշտությունը և ընդգծել ԵՄ-ի հետ համագործակցության զարգացումը բոլոր ոլորտներում։








































