ԱՄՆ-ը չի կայացրել Լեհաստանում տեղակայված իր զինված ուժերը սահմանափակելու որոշում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
Լեհ պաշտոնյան հավաստիացրել է, որ ամերիկյան զորքերի և տեխնիկայի ներկայությունը սահմանափակող որևէ որոշում չկա, իսկ երկու երկրների միջև դաշինքն իսկապես ամուր է։
«Լեհաստանն իր տարածքում ունի ամերիկյան զորքերի ինչպես մշտական, այնպես էլ պարբերաբար փոփոխվող ներկայություն։ Պոզնանում է գտնվում 5-րդ կորպուսի առաջավոր շտաբը, Բոլեսլավեցում՝ դիվիզիայի շտաբը, Վրոցլավում՝ նյութա-տեխնիկական ապահովման բազաները, Պովիդզում՝ պահեստները, Լասկում և Պովիդզում՝ ավիաբազաները, Օժիշում՝ գումարտակի խումբը, Ռեդզիկովոյում՝ հակահրթիռային վահանը լեհական հողում ամերիկյան զորքերի ներկայության մշտական խորհրդանիշներ են։ Այս առումով ոչինչ չի փոխվել»,- ընդգծել է նա։










































