Թեպետ Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքներն ապացուցեցին, որ քաղաքական այդ ուժի վարկանիշը զգալիորեն ընկել է, սակայն անկախ ամեն ինչից` նա կհայտնվի խորհրդարանում: «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման վստահություն հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նրա խոսքով՝ ՀԱԿ-ի վարկանիշը նվազել է, բայց ոչ այնքան, որ վերջինս չկարողանա մուտք գործել Ազգային ժողով: «Թեև ՀԱԿ-ը շարունակում է տիտղոսակիր ընդդիմություն մնալ, սակայն ստեղծված իրավիճակը շտկելու համար նա պետք է հետևություններ անի»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:
Գնահատելով խորհրդարանական ընտրությունների ընթացքում հաղթանակ տանելու քաղաքական մյուս ուժերի հնարավորությունները` փորձագետը նկատեց, որ Ազգային ժողովում կհայտնվեն նաև «Հանրապետական» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, ինչպես նաև ՀՅԴ-ն: «Հատկապես վերջինը կայուն ընտրազանգված ունի»,- փաստեց Բոզոյանը: Իսկ ահա, «Ժառանգություն» կուսակցությունը, քաղաքագետի խոսքով, հակասական վիճակների մեջ է, և հարց է` խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարո՞ղ է օգտագործել իր ներուժը:
«Այդ կուսակցությանը մենեջերական թիմն ու ընտրազանգվածի հետ աշխատանքն է պակասում»,- նկատեց Բոզոյանը` միաժամանակ հավելելով, որ «Ժառանգության» վարկանիշը մեծապես պայմանավորված է նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշով:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2012 թվականի մայիսին:






































