Էմի Ուայնհաուսի հայրը` Միտչը, գիրք է գրել դստեր մասին: Ինչպես հաղորդվում է HarperCollins հրատարակչության պաշտոնական կայքում, «Amy, My Daughter» գիրքը վաճառքի կհանվի 2012 թ. ամռանը:
Դստերը նվիրված ստեղծագործության մեջ հայրը պատրաստվում է պատմել ընթերցողին նրա պատանեկության, կարիերայի, անձնական ապրումների, ալկոհոլից և թմրանյութերից կախվածության մասին: Հրատարակչությունը նշել է, որ գիրքը հետաքրքիր կլինի ինչպես երգչուհու երկրպագուների, այնպես էլ իրենց երեխաներին սիրող ծնողների համար:
Գրքից ստացված հասույթը կուղարկվի վերջերս ստեղծված Էմի Ուայնհաուսի հիմնադրամին:
Էմի Ուայնհաուսը մահացել է 2011 թ. հուլիսի 23-ին Լոնդոնի իր բնակարանում: Նրա մահվան պաշտոնական պատճառը չի հաղորդվում, սակայն վարկած կա, որ նա մահացել է ալկոհոլի և թմրանյութերի չարաշահումից:










































