Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, որում հարց հնչեց, թե ԵԽԽՎ թուրք նախագահ Մևլյութ Չավուշօղլուի լիազորությունների ավարտից հետո, հնարավո՞ր է Լեռնային Ղարաբաղի հարցով ստեղծված ենթակոմիտեի աշխատանքները դադարեն: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հրաժարվեց մեկնաբանել` նկատելով, որ կազմակերպությունն ավելի ու ավելի է դառնում շահեր հետպնդող:
Օրերս Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը «խայտառակություն» որակեց ԵԽԽՎ նոր` թիվ 1837 բանաձևում 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների բացահայտմանն առնչվող շեշտադրումները: Նա փաստաթուղթը համարեց «մեծ նվեր» Հայաստանի գլխավոր դատախազությանն ու հատուկ քննչական ծառայությանը. «Սա ուղղակի խայտառակություն է, խայտառակություն… Հիմա ես չեմ կարող ասել, թե սա ինչ գործարք է, այս իշխանությունները ինչ են տալիս մեր ժողովրդի հաշվին, որ բանաձևում այսպիսի ձևակերպումներ են արձանագրվել: Բայց որ սրա տակ մի կեղտոտ գործարք կա` դրանում չեմ կասկածում»:
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը Գ. Ջհանգիրյանի հայտարարության կապակցությամբ նշեց. «Այնպիսի փոփոխությունների մասին են խոսում, որոնք կամ բանաձևում ի սկզբանե եղել է, և որևէ մեկի ճնշման արդյունք չէ, կամ ընդհանրապես նման բան չկա: Այնպես որ` Հայ ազգային կոնգրեսի նման հայտարարություններին վերաբերվում եմ քաղաքական պայքարի կոնտեքստում: Ինչ վերաբերվում է գործարքին, կարծում եմ` որևէ մեկը, ով ծանոթ է ԵԽԽՎ-ին, կարող է հասկանալ, որ այն գործարքը, որն իրենք նկատի ունեն` ընդհանրապես չի կարող տեղի ունենալ այնտեղ, որովետև չի կարող տեղի ունենալ: Դա այդ կազմակերպությունը չէ»:
«Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ մեզանից է կախված, թե ինչպիսի փաստաթուղթ կընդունվի ԵԽԽՎ-ում: «Այն փաստաթուղթը, որն ընդունվեց, դա մի քանի տարիների ընթացքում մեր դրսևորած վարքագծի արդյունքն է: Փաստացի` մենք արդյունքներ չունենք, և եթե խոսում ենք գործարքի մասին, մենք առաջին հերթին պետք է ասենք` իսկ մենք ի՞նչ էինք անում, որպեսզի այսպիսի փաստաթուղթ չընդունվի, մեր վարքագիծը ինչպիսի՞ն էր 2008 Մարտի 1-ից հետո, արդյո՞ք այդ ընտրությունները գրագետ քայլերով տեղի ունեցան, թե՞ ինչ-որ առումով մենք ենք սխալվել: Երբ ես ելույթ ունեցա, ես հենց այնպես չէի նշում, որ «ընտրակեղծիք» հրեշը ծնվել է դեռ 1995 թվականին, և առ այսօր մենք չենք կարողանում ազատվել բոլոր արատավոր երևույթներից և դեռ ավելին` ավելի ենք մխրճվում այս ամենի մեջ: Մենք առաջի հերթին ինքներս մեզ պետք է հարց տանք, մե՞նք ենք թույլ տվել այս իրավաիճակը, թե՞ ԵԽԽՎ-ն է թույլ տվել: Երբեք ԵԽԽՎ-ն չի գալու, մեզ չի աջակցելու, եթե մենք դա չցանկանանք, որպեսզի չմտածենք` կգնա՞ ԵԽԽՎ-ն գործարքի, թե՞ չի գնա: Մենք մեզանից պետք է առաջինը պահանջենք, իսկ մենք մեզանից չենք պահանջել, և սխալը հենց մեր մեջ է»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:










































