Բարև ձեզ, եթերում է «Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդաշարը: Մեր այսօրվա հաղորդումը նվիրված է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, որոնք առավել լայն ընդգրկմամբ առնչվում են Հարավովկասյան տարածաշրջանին:
Հաղորդման ընթացքում կքննարկենք երեք առանձնահատուկ թեմաներ: Կսկսենք, սակայն, Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի` Հայաստան կատարած այցով և նրա հարավկովկասյան տարածաշրջանային «շրջագայությամբ»: Այցելությունը Հայաստան հատկանշական էր ոչ միայն այն պատճառով, որ դա մի պետության ղեկավարի այցելություն էր մեկ այլ պետություն: Ամենաէականն այն փաստն էր, որ նախագահ Սարկոզին առաջինը Հայաստան եկավ, իսկ Հայաստանից հետո արդեն այցելեց Վրաստան և Ադրբեջան: Ոչ պակաս հետաքրքիր է նաև այն, որ Սարկոզին նախընտրեց Հայաստանում անցկացնել երկու օր, այնուհետև այցելեց Վրաստան, որտեղից գնաց Ադրբեջան և այնտեղ մնաց ընդամենը 2 ժամ: Պետք է նշել, որ նախագահ Սարկոզիի այցը շատ լավ էր կազմակերպվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի և նրա աշխատակազմի կողմից` նույնքան լավ անցկացվելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության արարողակարգի բաժնի աշխատակիցների կողմից:
Ինչևէ, տարածաշրջանային այս այցը որքան վերաբերում էր Հայաստանի արտաքին քաղաքականությանը, այնքան էլ` Ֆրանսիայի ներքին քաղաքական խնդիրներին: Ֆրանսիայի նախագահ Սարկոզին կանգնած է վերընտրման շատ բարդ և մարտահրավերներով լի խնդրի առաջ: Այս կոնտեքստում, այն փաստը, որ Ֆրանսիայում ապրում են շուրջ 500.000 հայեր` նախագահ Սարկոզիի վերընտրման հարցում կարևոր քվե ապահովող և ներքաղաքական կարևոր գործոն է հանդիսանում:
Մենք ականատես եղանք նաև այն փաստին, որ նախագահ Սարկոզին Հայաստանում անցկացրած երկու օրերի ընթացում նախընտրեց շատ ուժեղ և պարզ ցուցադրություն կազմակերպել Թուրքիայի և Ադրբեջանի համար: Ավելի կոնկրետ` Հայաստանի նախագահի հետ միացյալ մամլո ասուլիս տալու ժամանակ Ֆրանսիայի նախագահը հստակ հայտարարեց, որ Թուրքիան պետք է ընդունի և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Իրականում նախագահ Սարկոզին նույնիսկ սպառնաց Թուրքիային`ասելով, որ եթե Թուրքիան գալիք տարիներին չշարժվի ճանաչման ուղղությամբ, նա կդիտարկի Ֆրանսիայում նոր օրենք ընդունելու հնարավորությունը, որով Հայոց ցեղասպանության մերժումը կհամարվի քրեական հանցագործություն:
Սա կարևոր էր նաև այն պատճառով, որ Ադրբեջանի համար ևս ուղերձ էր հանդիսանում: Ֆրանսիան ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահողներից մեկն է, ուստի Սարկոզին, երկու օր անցկացնելով Երևանում և միայն 2 ժամ Բաքվում, հստակեցրեց, որ Ադրբեջանը պետք է միջազգային հանրության մոտ վերականգնի իր վստահությունը:
Կարևոր է նաև այն, որ Սարկոզին շատ ազնիվ էր իր անձնական կարծիքը և Ֆրանսիայի քաղաքական դիրքորոշումն արտահայտելիս` առ այն, որ Թուրքիան չի պատկանում Եվրամիությանը: Ելույթ ունենալով Երևանում՝ Սարկոզին բացատրեց նաև, որ Թուրքիան տեղակայված չէ Եվրոպայում, այն կարևոր կամուրջի դեր է կատարում Եվրոպայի և Միջին Արևելքի միջև, սակայն սա չի նշանակում, որ Թուրքիան անպայման արժանի է Եվրամիության անդամակցությանը:
Հետաքրքիր է նաև, որ Սարկոզիի` հայաստանյան այցելությանը զուգահեռ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը այցելեց Թուքիա: Այն, հասկանալի պատճառներով, այնքան էր հաջողված չէր, բայց Թուրքիան և Ֆրանսիան ստորագրեցին էական մի փաստաթուղթ` Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հակաահաբեկչական համաձայնագիր` հիմնականում Ֆրանսիայում Քրդական աշխատավորական կուսակցության դեմ երկկողմանի քայլերի և ձեռնակվող միջոցների վերաբերյալ:
Հետաքրքիր է նաև Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի` Հայաստան կատարած այցի ոչ հրապարակային նշանակությունը, որովհետև այն չէր վերաբերում միայն քաղաքական խնդիրներին կամ արտաքին քաղաքականությանը, այլ նաև տնտեսությանը և առևտրին: Սարկոզիի այցի ժամանակ մենք ականատես եղանք այն հայտարարությանը, որ «Ֆրանստելեկոմը» հնարավոր է՝ գա Հայաստան, որից հետո Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ֆրանսիական ներդրումները կարող են էականորեն աճել:
Կարևոր էր նաև Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու համար 5 միլիարդ դոլար արժողությամբ ծրագրում ներդրումներ կատարելու ֆրանսիական պատրաստակամությունը: Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հիմնական տարրերից մեկը հին և պոտենցիալ վտանգավոր Մեծամորի ատոմակայանը փակելու և այն նորով կամ այլընտրանքային էներգիայով փոխարինելու Եվրամիության պահանջն է: Հայկական կոնտեքստում բավականին պարզ է, որ հաշվի առնելով էներգիայի հետ կապված դժվար իրավիճակը` այս պահին ատոմային էներգիային այլընտրանք չկա:
Չափազանց հետաքրքիր է նաև, որ Հայաստանի նախագահը նույնպես հայտարարեց և ողջունեց նոր ատոմակայանում ներդրումներ անելու ֆրանսիացիների ցուցաբերած հետքրքրությունը, ինչը նաև շատ կարևոր է, որովհետև մինչև հիմա ռուսները, ովքեր ղեկավարում և վերահսկում են Հայաստանի էներգետիկ ոլորտի մեծ մասը, նոր ատոմակայան կառուցելու համար միակ թեկնածուներն էին համարվում: Հայաստանի նախագահի այս հրավերով մենք ֆրանսիացիների կողմից նոր մրցակցություն ենք տեսնում և հնարավոր է` ներդրումների ավելի լուրջ մակարդակ, հատկապես, երբ ռուս ներդրողները խոստացել են հոգալ 5 միլիարդ դոլար արժողությամբ ծրագրի միայն 20 տոկոսը: Եթե Հայաստանն ի վիճակի լինի հասնել ավելի մրցակցային աճուրդային համակարգի, հնարավոր է` շատ ավելի մեծ շահույթ ստանա, և դա կլինի մրցակցության առողջ տարր այն հարցում, թե ով կստանա Հայաստանի հաջորդ ատոմակայանը կառուցելու թույլտվությունը:
Հատկանշական է նաև այն, որ ֆրանսիական «Օրանժ» կապի օպերատորը Հայաստան է մուտք գործել 2009թ.` Հայաստանի բջջային կապի շուկայում ներդնելով ավելի քան 50 միլիոն դոլար: Սրան զուգահեռ կան խոստումներ ֆրանսիական ավելի մեծ ներդրումներ կատարելու մասին, ինչից հետո հնարավոր կլինի Եվրամիությունից ավելի մեծ ներդրումներ ներգրավել:
Հատկանշական էր նաև Ֆրանսիայի նախագահի այցի ժամանակի ընտրությունը: Հայաստանի ներքին քաղաքականության առումով ընդդիմությունը` Հայ ազգային կոնգրեսը, անցկացնում էր մեկ շաբաթ տևողությամբ բողոքի ցույցեր և նստացույց: Հետաքրքրականն այստեղ այն է, որ այս ակցիաները համընկան Սարկոզիի այցի հետ` ուղերձ հղելով Եվրամիությանը:
Այժմ անդրադառնանք ևս մեկ թեմայի, որն այս շաբաթների ընթացքում մեծ կարևորություն է ձեռք բերել: Անցած ուրբաթ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 4:1 հաշվով շատ տպավորիչ հաղթանակ տարավ Մակեդոնիայի` նախկին Հարավսլավիայի Հանրապետության ֆուտբոլի հավաքականի նկատմամբ: Խաղը «Եվրո-2012»-ի որակավորման փուլի հանդիպումներից էր: Հաղթանակից հետո Հայաստանի ընտրանին կհանդիպի Իռլանդիայի հավաքականի հետ: Պետք է նշել, որ հաղթանակն ինքնին կարևոր էր, սակայն ամենակարևորը այդ հաղթանակին հաջորդած հասարակ քաղաքացիների արձագանքն է:
Այսպես, Հայաստանը, ավելի կոնկրետ` Հայաստանի կառավարությունը, կազմակերպեց տպավորիչ զինվորական շքերթ` նվիրված Հայաստանի անկախության օրվան: Բացահայտելով Հայաստանի զինված ուժերի թափն ու հզորությունը` Ադրբեջանին և տարածաշրջանին ցուցադրելու և հստակ ուղերձ հղելու առումով սա բարեհաջող փորձ էր: Այս միջոցառումը, սակայն, կազմակերպվել էր կառավարության կողմից, այսինքն`Անկախությանը նվիրված այդ շքերթը և միջոցառումները շատ ավելի պետական մակարդակով էին անցկացվում: Իսկ այն, ինչ մենք տեսանք ֆուտբոլային հաղթանակից հետո, ամբողջությամբ դրա հակառակն էր. շատ ինքնաբուխ և դրական արձագանք այդ հաղթանակի նկատմամբ: Ամենակարևորն այն էր, որ շատ երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ Հայաստանի հասարակության բոլոր շերտերի միջև տեղի ունեցավ միասնության ինքնաբուխ ցուցադրություն. մինչև ուշ գիշեր Երևանի կենտրոնում տեղի ունեցած տոնախմբությամբ, ժպտացող և հաճույք ստացող շատ մարդկանցով, ովքեր ըմբոշխնում էին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակը: Շատ կարևոր էր հատկապես այն, որ այս ամենն ինքնաբուխ էր, դա հույսի և վերածնման զգացում էր առաջացնում, ուստի մենք պետք է պահենք և ամրապնդենք հաջողության և միասնության այդ պահը` այո, անդրադառնալով խնդիրներին, բայց դա անելով միասնական` համահայկական մոտեցմամբ:
Սա մեզ բերում է այս շաբաթվա երրորդ թեմային: Վերջերս քաղցկեղի դեմ երկար պայքարից հետո կյանքից հեռացավ Սթիվ Ջոբսը: Սթիվ Ջոբսից քաղած դասերը հետաքրքրական և արդիական են նաև մեզ համար, և, այո, այնտեղ կար հայկական գործոն, քանզի նրան որդեգրել էին հայ ծնողներ: Սթիվ Ջոբսի վերաբերյալ ամենակարևորն այն էր, որ սա մի անձ էր, որ ոչ միայն համալսարան չէր ավարտել , այլ նաև չէր հետևել մտածողության հիմնական հոսանքին: Այլ կերպ ասած` Հայաստանի համար Սթիվ Ջոբսի կյանքի և մահվան կարևորությունը կայանում է նրանում, որ այն ցույց է տալիս, որ նորարարությունը և ստեղծագործական ջիղը իրենց բնույթով կոնֆորմիստ (հարմարվողական) չեն, չեն ընդունում ստատուս քվոն: Սա մի մարդ էր,- Բիլ Գեյթսի նման մի նորարար,- ով առաջնորդեց տեխնոլոգիական փոփոխությունները, ով ուներ տեսլական և խիզախություն ոչ միայն ինքն իրեն հավատալու, այլ նաև հավատալու, որ ինքն ունի աշխարհը փոխելու ուժ: Հայկական կոնտեքստում մենք Սթիվ Ջոբսի նման մարդկանց կարիք ունենք, ովքեր հավատում են, որ կարող են իրադրությունը փոխել դեպի լավը, քանզի շատ դեպքերում այս մարդիկ, որոնք ձեռնոց են նետում ստատուս քվոյին և հավատում են, որ կարող են լինել փոփոխությունների միջնորդ, սովորաբար փոխում են աշխարհը, և իրականում միակ ճանապարհը, որով աշխարհը զարգանում է և պետությունները դեպի լավն են փոխվում, այն մարդկանց գործունեության արդյունքում է, ովքեր հավատում են, որ կարող են փոփոխություն բերել, ովքեր մտահոգ են և իրենց նվիրաբերում են իրավիճակը բարելավելու գործին, ովքեր խիզախություն ունեն երազելու, ովքեր շարժվում են համարձակ տեսլականներով և որոշ դեպքերում հանդուգն զոհաբերություններ անում` կյանքի կոչելով իրենց մտքերը:
Այս առումով Սթիվ Ջոբսի մահվան ուղերձը հավասարազոր է նրա կյանքին. դա այն է, որ Հայաստանում ավելի մեծ ուշադրություն պետք է դարձվի գիտությանն ու կրթությանը, նորարարությանը և առաջընթացը խթանող սեկտորներին, քան ապառման վրա հիմնված արևմտյան հասարակությանը, ինչը Հայաստանը փորձում է ընդօրինակել: Այլ կերպ ասած` օլիգարխին և օլիգարխական ոճով ընկերությունները մեծարելու փոխարեն, մենք պետք է մեծարենք գյուտարարին, նորարարին, ձեռնակատիրոջը, փոքր և միջին բիզնեսը:
Հայաստանում մենք կարիք ունենք նաև ավելի խիզախ գործողությունների, ինչպես նաև պետք է բավարար համարձակ լինենք մեծ երազներ ունենալու առումով և հավատանք յուրաքանչյուր հայի` երկիրը դեպի լավը փոխելու կարողությանը: Հենց այստեղից է ծնունդ առնում առաջընթացը յուրաքանչյուր երկրում, սակայն սա նաև մարտահրավեր է իրական փոփոխությունների առումով: Այն չի կարող գալ վերևից, այն պետք է գա ներքևից:
Շնորհակալություն այս շաբաթ մեզ դիտելու համար: Եթերում էր «Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդաշարը: Մինչև հաջորդ շաբաթ:









































