Ավարտվեցին ՀԱԿ-ի մեկշաբաթյա շուրջօրյա հանրահավաքները: Ազատության հրապարակում ժամանակավոր դադար է` մինչև հոկտեմբերի 28-ը: 20-օրյա դադարն այն ժամանակն է, երբ պետք է լավագույնս կշռադատվեն հետագա անելիքները, իսկ դրա համար պետք է որոշարկվեն` որո՞նք են այս հանգրվանի եզրակացությունները:
***
Հայաստանը մնում է իր իրավունքների ու ազատությունների համար պայքարող երկիր:
***
Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը այն հիմքն է, որի վրա պիտի ժողովրդավարություն կառուցվի:
***
Հայաստանում կա ընդդիմություն, որ կարող է առաջնորդել դեպի ժողովրդավարություն գնացող ժողովրդին:
***
2011-ի հոկտեմբերյան այս շաբաթը մեր պայքարի շատ կարևոր, շատ անհրաժեշտ, բազում հարցերի պատասխաններ տված մի ժամանակ էր, որ հարթում է նպատակների իրագործման ճանապարհը:
***
Եվ հիմա արդեն ՀԱԿ-ի պայքարի օրակարգում գործող նախագահի հրաժարականն է` դա պայքարի տրամաբանությունն է, ժամանակի տրամաբանությունը, իրադարձությունների տրամաբանությունը:
***
Մեկշաբաթյա հանրահավաքների արդյունքների գնահատականները տարբեր են լինելու: Քաղաքական ուժերը մեկնաբանելու են իրենց շահերին նպատակահարմարության տեսակետից` բնական է, իշխանությունը իրեն «հարմար» մեկնաբանություն է տալու` բնական է: Բայց նաև նույնքան բնական է հասկանալն ու ընդունելը, որ Հայ ազգային կոնգրեսը, որի որոշումները ընդունվում են համատեղ ու միասնական, համախմբող ուժ է:
Եվ դա այդպես է` անկախ նրանից` ում է ձեռնտու և ով է դեմ: Իր ստեղծման պահից ՀԱԿ-ը եղել է համախմբող ուժ և մնացել է այդպիսին` իր գործունեության ու առաքելության թելադրանքով: Ապագան ցույց կտա ՀԱԿ-ի քայլերի հաջորդականության ու հետևողականության արդարացիությունը և այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պատահական ոչինչ չի անում, իրավիճակի գնահատման նրա պրագմատիզմը, քաղաքականության մեջ կողմնորոշման ու վճիռների ընդունման նրա կարողությունը Հայաստանում հիմա մրցակից չունի:
***
Ես չեմ ուզում մանրամասների մեջ մտնել ու հիմնավորումների դաշտում աքսիոմաներ ապացուցել` բոլորն ամեն ինչ շատ լավ գիտեն, բայց երբեմն չեն հավատում իրենց իմացածին, եթե կողքից չեն հաստատում: Դա գուցե ճիշտ է գիտության մեջ, կյանքում կրավորական կեցվածքը հանգեցնում է դիտորդի դերի: Ուղղակի ափսոս է սեփական կյանքը ուրիշի որոշումներին սպասելով վատնելը:
***
ժամանակը որքան քչանում է, այնքան արագանում են իրադարձությունները, մենք պարտավոր ենք պատրաստ լինել բոլոր շրջադարձերին` այս իրողությունը ևս ակնհայտ դարձավ ՀԱԿ-ի հոկտեմբերի սկզբին կազմակերպած շուրջօրյա հանրահավաքներից: Եզրակացությունները թողնում եմ բոլոր մտածող մարդկանց:
Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ






































