Նահագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ` մասնակցելու Ջերմուկում անցկացվող գյուղական համայնքների առաջին համաժողովին, որն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում և նպատակ ունի աջակցել գյուղական համայնքների զարգացմանը:
Նախագահը շնորհավորել է համաժողովի մասնակիցներին ՏԻՄ 15-ամյակի առթիվ, ողջունել համաժողովի անցկացումը, որը, Հանրապետության ղեկավարի խոսքով, թույլ է տալիս ուշադրությունը կենտրոնացնել գյուղի և նրա հիմնախնդիրների վրա, համատեղ քննարկել առկա հարցերը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ պետության համար շարունակում է առաջնային մնալ տարածքների համաչափ զարգացման ապահովումը: Այդ նպատակով մշակվել է ՀՀ տարածքների զարգացման հայեցակարգը, որը թույլ է տալու այս կամ այն ծրագրի իրականացումը դիտարկել տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից:
Նախագահի խոսքով, համաչափ զարգացումը բազմաթիվ այլ ուղղությունների շարքում ենթադրում է նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների և արդյունավետ գյուղատնտեսության զարգացում: «Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ այս տարի մեր պետության և ժողովրդի համար շատ կարևոր հոբելյաններ ենք նշում: Մեր անկախության 20-ամյակի տարում լրանում են նաև պետության կարևորագույն ինստիտուտների հոբելյանները, և դրանց թվում ցանկանում եմ առանձնացնել մեր տեղական ինքնակառավարման համակարգի 15-ամյա հոբելյանը: Կարծում եմ, իր նշանակությամբ այն մեր պետության ամենակարևոր հաստատություններից մեկն է:
Կայացած տեղական ինքնակառավարման համակարգը ենթադրում է ամուր ու զարգացած համայնք և հետևապես՝ բարեկեցիկ գյուղ»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարի խոսքով, վերջին տարիներին, հատկապես ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, նկատելի աշխատանքեր են կատարվել: Իրականացվել են ճանապարհաշինական և ոռոգման ենթակա-ռուցվածքների վերականգնման բազմաթիվ ծրագրեր, զգալի ջանքեր են գործադրվել գյուղական համայնքների, դրանց տնտեսական հնարա-վորությունների զարգացման, գյուղատնտեսական բարեփոխումների աջակցու-թյան ուղղություններով: Մարզերում շարունակվում են կրթական, սոցիալական, մշակութային ոլորտներում ներդրումները, կառուցվում և արդիականացվում են բուժհաստատություններ` ավելացնելով որակյալ բուժծառայություններ ստանալու հնարավորությունները:
Նշելով, որ այդ աշխատանքների ֆինանսավորման աղբյուրները տարբեր են` դրամաշնորհներ, վարկային միջոցներ, պետության սեփական եկամուտներ, Սերժ Սարգսյանը կարևոր է համարել, որ նշված միջոցներն օգտագործելիս հնարավորինս հաշվի է առնվել հենց շահառուների, տեղական ինքնակառավարման մարմինների կարծիքը:
«Այդպիսի լավագույն օրինակներից մեկը «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» ծրագրերի իրականացման աշխատանքն էր, երբ ծրագրի բոլոր բաղադրիչների մասով մենք խորհրդակցեցինք մեր բնակչության հետ և կարողացանք ոչ միայն սահմանել առաջնահերթ լուծում պահանջող ամենից կարևոր խնդիրները, այլ նաև հասարակական աջակցություն ապահովել, ինչը նաև օգնեց ծրագրի ոռոգման բաղադրիչը մինչև վերջ իրականացնել: Դա, բնականաբար, իր մեջ նաև հսկողական մեխանիզմներ է պարունակում, և պատահական չէ, որ Միացյալ Նահանգների այդ հիմնադրամի ղեկավարության կարծիքով, Հայաստանում իրականացված ծրագիրը ճանաչվել է լավագույններից մեկը: Ես փոքր-ինչ համեստորեն եմ ասում, որովհետև վերջերս մեզ մոտ էր Հիմնադրամի ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահը, ով ասաց, որ հայաստանյան ծրագիրն աշխարհում «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» իրականացրած լավագույն ծրագիրն է»,-համաժողովի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում նշել է Նախագահը:
Երկրի ղեկավարի խոսքով, հանրապետական նշանակություն ունեցող ծրագրերը, որոնք հիմնականում իրականացվում են նախարարությունների միջոցով, ևս մշակվում և իրականացվում են՝ խորհրդակցելով ՏԻՄ-երի, մարզպետների և այլ շահագրգիռ կողմերի հետ: «Դրանից զատ, մենք նաև միջոցներ ենք հատկացնում, որպեսզի հենց տեղում մարզպետները և տեղական ինքնակառավարման մարմինները՝ խորհրդակցելով բնակչության հետ, իրականացնեն իրենց առաջնահերթ ծրագրերը: Եվ միայն այս տարի, գիտեք, որ այդ ծրագրերի համար բյուջեից հատկացրել ենք 20 մլրդ դրամ, որպեսզի կարողանանք լուծում տալ այն հրատապ խնդիրներին, որոնք եղել են, կան և տեսանելի ապագայում կլինեն մեր համայնքներում: Այդ ծրագրերի շահառուները 347 գյուղական համայնքներն են, և առաջին հերթին միջոցներն ուղղվում են հենց ենթակառուցվածքների բարելավմանը:
Մեզ համար առաջնային են նաև արդյունավետ գյուղատնտեսության խնդիրները, որոնց լուծումը նպաստելու է գյուղական տարածքների զարգացմանը: Մեր որդեգրած քաղաքականության հիմքում բարեկեցիկ գյուղ, բարեկեցիկ համայնք ունենալն է` նրա բնակչի համար անհրաժեշտ սոցիալական և արտադրական ենթակառուցվածքներով: Մեր հետագա քայլերը ևս ծառայելու են այդ նպատակին:
Այսօր կարող ենք արձանագրել, որ տեղական ինքնակառավարման համակարգի հիմքում գործուն մեխանիզմներ են դրված, և հետագա աշխատանքները պետք է ուղղված լինեն դրանց արդյունավետության, տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության բարձրացմանը:
Վերջին տարիներին աշխատանքներ են իրականացվել ֆինանսական համա-հարթեցման մեխանիզմների կատարելագործման առումով, տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում սեփական եկամուտների հավաքագրմանը, թեկուզ փոքր ծավալով, բայց տեղերում սեփական միջոցներով առաջնային ծրագրեր են իրականացվում: Համայնքները վերջին տարիներին հրաժարվել են պարտքեր կուտակելու, այսպես ասած, «ավանդույթից»: Հիշում եք, որ ոչ հեռավոր անցյալում, նույնիսկ՝ 4-5 տարի առաջ, համայնքները կուտակում էին հսկայական պարտքեր, այնուհետև մենք ստիպված էինք լինում արդեն 3-4 տարվա ուշացումով այդ պարտքերը մարել:
Իմ խորին համոզմամբ, դրանք միջոցների փոշիացում էին, ինչը մենք կարողացանք հաղթահարել և ինչի համար մարզպետներին, գյուղապետերին և, իհարկե, Տարածքային կառավարման նախարարությանը, անձամբ՝ փոխվարչապետին իմ շնորհակալությունն եմ հայտնում: Սա, իհարկե, առաջընթաց է, բայց մեր նպատակն է ունենալ առավել կենսունակ, խոշոր ու ֆինանսապես կայուն համայնքներ, տեղական մակարդակում թափանցիկ և արդար կառավարում, հասնել նրան, որ բնակչությունն իր կենսագործունեության համար առաջնային խնդիրները կարողանա լուծել հենց տեղերում` տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցաբար»,-ասել է Հանրապետության ղեկավարը:
Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պետությունը մշտապես սատար է կանգնելու ՏԻՄ-երին, բարձրացնելու է տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությունը՝ համոզվածություն հայտնելով, որ ՏԻՄ-երի ներկայացուցիչները ևս տրամադրված են վճռական և ելնելով իրենց բնակավայրի, գյուղի, համայնքի շահերից, կարողանալու են բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների հեղինակությունն ու համայնքի ղեկավարի դերը: «Այդ ամենին հասնելու համար մեզ ժամանակ է պետք, պետք է երկար ճանապարհ անցնենք: Բայց ամենից կարևորն այն է, որ մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով, և ես վստահ եմ՝ բոլորս կամք ունենք ու հասնելու ենք մեր նպատակին»,-ընդգծել է Նախագահ Սարգսյանը:
Ջերմուկում Սերժ Սարգսյանն այցելել է նաև համաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցահանդես` նվիրված Հանրապետության մարզերում և համայնքներում անցած 20 տարիներին ծրագրեր իրականացրած միջազգային կազմակերպությունների գործունեության արդյունքներին ու ձեռքբերումներին:
Համաժողովից հետո Նախագահը ծանոթացել է Ջերմուկի զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող հյուրանոցային նոր համալիրի շինարարության ընթացքին: Շինարարությունն սկսվել է 2009թ. և նախատեսվում է ավարտել 2013 թվականին:
Երեկոյան հանրապետության ղեկավարը շրջայց կկատարի Ջերմուկում, կծանոթանա քաղաքային համայնքի գիշերային լուսավորության ցանցի հիմնանորոգման ուղղությամբ կատարված աշխատանքներին, որոնք իրականացվում են Ջերմուկի սոցիալ-տնտեսական զարգացման աջակցության հիմնադրամից հատկացված միջոցների հաշվին:








































