Բրիտանական Guardian թերթն իր ընթերցողներին հնարավորություն կտա օնլայն ռեժիմով մասնակցել հրապարակվող նյութերի քննարկումներին: Այս մասին հաղորդվում է պարբերականի ինտերնետային կայքում:
«Այսօրվանից դուք հնարավորություն եք ստանում տեսնել մեր ծրագրերի «կենդանի» ցուցակը: Դրա մեջ մտնում են նախատեսվող հայտարարությունները, իրադարձությունները և ելույթները, որոնք կազմում են լրատվական օրակարգը»,- գրում է պարբերականը:
Յուրաքանչյուր թեմայի դիմաց կարելի է գտնել հղում լրագրողի Twitter-ի էջին, որտեղ ընթերցողները կարող են մասնակցել քննարկմանը:
Թերթի լրագրողներն առայժմ համոզված չեն, որ փորձը 100 տոկոսանոց հաջողություն կունենա՝ ինչպես թերթի մրցունակության, այնպես էլ ընթերցողների ներգրավվածության տեսանկյունից:
«Մեր խմբագրությունում աշխատանքը եռում է, ուստի մենք չենք կարող պատասխանել բոլորին, բայց մենք կկարդանք և հաշվի կառնենք ձեր դիտողությունները»,- գրում է Guardian-ը:









































