Մի քանի օր առաջ իշխանական մամուլը «հպարտությամբ» աղաղակում էր, թե ինչպես է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բաղրամյանի անվան զորավարժարանում տեղի ունեցած միջադեպի համար, երբ ավտոմեքենան շրջվել էր ու նրա մեջ գտնվող զինծառայողները վնասվածքներ էին ստացել, նկատողություն արել երեք գեներալի: Իշխանական մամուլը դրանով երևի «դավադիր» հասարակության աչքն էր ուզում մտցնել, թե ինչպես է պաշտպանության նախարարը գեներալներին պատասխանատվության առաջ կանգնեցնում, եթե նույնիսկ լուրջ բան չկա և զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
Եվ ահա, այդ «խրոխտության» և «հպարտության» ֆոնին բանակից, «Եղնիկներ» զորամասից, ստացվում է, այսպես ասած, ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով հերթական զոհի մասին տեղեկությունը: Իշխանական մամուլն իհարկե լուռ է, իսկ Սեյրան Օհանյանն էլ, իհարկե, այս անգամ էլ որևէ գեներալի չի ազատի իր զբաղեցրած պաշտոնից, որովհետև դա արդեն լուրջ է: Որքան լրջանում են բանակում տեղի ունեցող միջադեպերը, և առաջանում է իսկապես լուրջ պատասխանատվության խնդիր, այնքան Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունը նվազեցնում է իր ձայնն ու անցնում ընդամենը շարքայիններին պատժելուն կամ կրտսեր սպայակազմի վրա պատասխանատվությունը բարդելուն: Իսկ սա չափազանց լուրջ խնդիր է, որովհետև բանակում հերթական հայ երիտասարդն է սպանվում, իսկ որևէ բարձրաստիճան պաշտոնյա, որը ղեկավարում է բանակը կամ այդ ղեկավարման շնորհիվ իրականում, այսպես ասած, արդյունավետ կառավարում է իր անձնական բիզնեսները, մինչ այժմ ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել:
Եղնիկներ զորամասում ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր արձանագրվել հայտնի մահվան դեպքը, երբ զինվորին ծեծել էին թե զորամասում, թե բուժմասում՝ նրան հասցնելով մահվան: Եվ երբ նույն զորամասում մի քանի շաբաթ անց կրկնվում է այդպիսի նոր դեպք, ապա դա ուղղակիորեն նշանակում է, որ Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունն ուղղակի թքած ունի թե այդ զորամասում ծառայող հայ զինվորների կյանքի վրա, թե ընդհանրապես հայկական բանակում ծառայող զինվորների կյանքի վրա, որովհետև առանձին զորամասերում առկա մթնոլորտը և անպատժելիությունը վարակի նման տարածվել են ամբողջ բանակով մեկ: Եվ այդ վարակը բանակից հանելու համար այլևս մանր հոխորտանքները և պատիժներն անզոր են և անհրաժեշտություն, կենսական անհրաժեշտություն է առաջացել հայ երիտասարդների կյանքը փրկելու համար բանակը ազատել որոշ գեներալներից, որոնք իրականում, զբաղեցնելով բարձր պաշտոններ` ԶՈՒ գլխավոր շտաբի պետից մինչև բանակի կառավարման այլ օղակներ, բանակային կորպուսների հրամանատարներ և պաշտպանության փոխնախարարներ, բացարձակապես որևէ արդյունավետություն չեն դրսևորում հայկական զինված ուժերում մահացու արատի վերածված մթնոլորտը չեզոքացնելու համար:
Իսկ եթե այդ պաշտոնյաների, այդ գեներալների պաշտոնավարման նպատակահարմարության հարցը չի դրվում, ուրեմն պետք է դրվի արդեն նախարարի պաշտոնավարման նպատակահարմարության հարցը:









































