Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանն այսօր հայտարարեց, որ տարբեր երկրների իշխանության ներկայացուցիչների հետ իր հանդիպումների ժամանակ ինքը հարց է բարձրացրել, թե երբ այդ երկրները կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչին ի պատասխան այդ պաշտոնյաները նշել են. «Դուք ե՞րբ եք դիմում, որ մենք չենք ճանաչում»:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ. եթե Հայաստանի ղեկավարությունը նման քայլ անի, ապա մինչև տարեվերջ աշխարհի 25-30 պետություն պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- Սարգսյանը նման հայտարարություն արեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Արայիկ Սարգսյանը, խոսելով ԼՂ հարցի շուրջ պատերազմի վերսկսման հավանականության մասին, նշեց, որ հավանականությունը կորսված չէ: Նա նշեց, որ առկա ստատուս քվոն Հայաստանին ձեռնատու չէ, և ԼՂՀ-ի ճանաչման ուղղությամբ Հայաստանը պետք է քայլ անի. «Եթե Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, նրա հետ միասին ճանաչում են նաև աշխարհի առնվազն 25 պետություն, ապա այն կարող է բերել կամ պատերազմի ակտիվացման կամ սառեցման: Իսկ եթե Հայաստանը չի ճանաչում ԼՂ անկախությունը, ապա ոչինչ չի փոխվում: Հետևաբար, դա անելու համար ամենահարմար պահը այս է` հաշվի առնելով այն նախընտրական իրավիճակը, որը գոյություն ունի Ռուսաստանում, Ֆրանսիայում, ինչու չէ՝ նաև ԱՄՆ-ում. նրանք այս պահին աչք կփակեն Հայաստանի այդ խիզախության վրա»:
Նա նշեց, որ Հայաստանի ղեկավարությունը չպետք է վախենա այդ քայլը կատարելուց, լավագույն դեպքում էլ կհեռանա՝ որպես իշխանություն, որը խաղաղություն և անկախություն բերեց Արցախին. «Ինչ է եղել, թող հրաժարական տա, ինչպես առաջին նախագահը նույն հարցի պատճառով»:








































