«Պետք է օրենքով արգելվի սեռի իրազեկումը ծնողներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց սոցապ նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանը` խոսելով ընտրովի աբորտների, երեխայի սեռի նախածննդյան ընտրության դեպքերի և օրենսդրական փոփոխության անհրաժեշտության շուրջ, քանի որ վիճակագրությունը ցույց է տվել, որ եթե ծնողները նախապես իրազեկվում են երեխայի սեռի մասին, ապա արհեստական վիժեցնում են աղջիկ սեռի պտուղը:
«Խնդիրը շատ մտահոգիչ է և նոր չէ: Հայաստանում միշտ շատ բարձր է եղել արհեստական վիժեցման վիճակագրությունը, այստեղ սահմանադրական փոփոխությունների կարիք կա, պետք է օրենքով արգելվի սեռի իրազեկումը ծնողներին»,- մեկնաբանեց Կ. Հակոբյանը`ընդգծելով, որ երեխայի իրավունքները գերակա են համարվում:
Ըստ նրա` օրենքը կարող է գործել, եթե կա համապատասխան օրենսդրական դաշտ: Անդրադառնալով օրենքի դեպքում կոռուպցիոն ռիսկերին`նա ասաց, որ եթե մենք այդպես դիտարկենք խնդիրը, պետք է ոչ մի օրենք չլինի, որովհետև կոռուպցիոն ռիսկեր կան: Կ. Հակոբյանի փաստմամբ` երկու խնդիր կա` երեխայի իրավունք և սեռային խտրականություն: «Պետք է օրենսդրական նախաձեռնություն լինի, որովհետև երեխայի իրավունքները գերակա են»,- ընդգծեց Կ. Հակոբյանը:
Համատեղ ասուլիսի ընթացքում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ. գ. թ., Մարինե Ոսկանյանը խորհուրդ տվեց կանանց՝ չխախտել դեմոգրաֆիական հոսքը և չազատվել աղջիկ սեռի երեխաներից:











































