Փարիզը և Բեռլինը խոստանում են մինչև հոկտեմբերի վերջը պատրաստել Եվրոպայում պարտքային ճգնաժամը հաղթահարելու նախագիծ: Այս մասին, ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, հայտարարել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
Նրանց խոսքերով` փաթեթը կներառի արժութային միության կայունացմանը և ֆինանսավարկային ինստիտուտներին աջակցությանն ուղղված միջոցառումներ: Սարկոզին և Մերկելը պատրաստվում են իրենց նախագիծը ներկայացնել նոյեմբերի սկզբին Կաննում կայանալիք G20-ի գագաթնաժողովին:
Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը խոստացել է, որ իրենք կներկայացնեն Եվրոպայի ապագայի գերմանա-ֆրանսիական կոնցեպցիան, որը «զգալի փոփոխություններ» է նախատեսում է Եվրամիության հիմքում ընկած պայմանագրերում: Մասնավորապես՝ Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդներն առաջարկում են ամրապնդել «եվրոգոտու պետությունների համագործակցության պարտավորեցնող բնույթը ֆինանսատնտեսական քաղաքականության հարցերում»: