Եգիպտոսի վարչապետ Էսսամ Շառաֆը կառավարության արտահերթ նիստում կոչ է արել եգիպտացիներին օգնել իշխանություններին ցուցարարների դեմ պայքարում:
«Եգիպտոսը հայտնվել է վտանգի մեջ, վերջին ժամերի իրադարձությունները ցավալի էին բոլոր եգիպտացիների համար, թափվել է խաղաղ քաղաքացիների և զինծառայողների արյուն,- ժողովրդին ուղղված իր ելույթում հայտարարել է վարչապետը:- Փորձ է արվում սեպ խրել բանակի և ժողովրդի միջև, սակայն պետությունը չի տրվի այդպիսի չարիք բերող դավադրություններին»:
Շառաֆը կոչ է արել բոլոր եգիպտացիներին` մուսուլմաններին և քրիստոնյաներին, երիտասարդներին և ծերերին, «աջակցել երկրի ազգային միասնությանը և իրենց վրա երկրի համար պատասխանատվություն վերցնել»: Նա նշել է, որ մուսուլմանների և քրիստոնյաների պառակտումը «սպառնում է երկրի անվտանգությանը»:
Կիրակի երեկոյան բախումներ էին տեղի ունեցել հեռուստակենտրոնի շենքի մոտ: Ղպտիները բողոքում էին Ասուան մարզում անցյալ շաբաթ մուսուլմանների կողմից քրիստոնեական եկեղեցու դեմ իրականացված ոտնձգությունների դեմ: Բացի այդ, նրանք մեղադրում էին պետական հեռուստաընկերությանը հակաքրիստոնեական հուզումներ հրահրելու մեջ և կոչ անում զինվորական խորհրդին հրաժարական տալ: Տեղի ունեցած բախումներում զոհվել է առնվազն 24, վիրավորվել 213 մարդ: Կահիրեում մտցվել է պարետային ժամ: Որոշ տվյալներով՝ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են ոստիկանությունից խլել զենքը:








































