ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօրվա հանրահավաքում ելույթի փոխարեն՝ ժողովրդին ներկայացրեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի կողմից ընդունված, Կոնգրեսի քաղխորհրդի բոլոր անդամների և տարածքային կառույցների ղեկավարների հետ համաձայնեցված «Շուրջօրյա նստացույցերի բանաձև» փաստաթուղթը: ՀԱԿ առաջնորդը ընթերցեց այդ բանաձևի կետերը.
«8 օր շարունակ շուրջ հազար մարդ գիշերեց վրաններում, իսկ հազարի չափ էլ գիշերներն անցկացրեց Ազատության հրապարակի նստարանների կամ Օպերայի շենքի աստիճանների վրա, ամենօրյա հանրահավաքներին մասնակցեցին 100 հազարից ավելի քաղաքացիներ:
Այս երկարատև միջոցառման ամենակարևոր նվաճումը 2008 թ. մարտի 1-ի սպանդից հետո երկրում հաստատված վախի մթնոլորտի հաղթահարումն է, և ավազակապետության ամենակարողության մասին հյուսված առասպելի բացահայտումը:
Այս տպավորիչ միջոցառումը նաև նվաճված դրվագ հանդիսացավ 2008-ի մարտի 1-ից հետո ՀԱԿ-ի կազմակերպած գործողությունների շարքում և վերսկսեց Մարտի 1-ի սպանդով ընդհատված շուրջօրյա նստացույցերն ու ամենօրյա հանրահավաքները:
Այս 8-օրյա շուրջօրյա հանրահավքներն ու նստացույցերը ցույց տվեցին, որ Հայաստանում Կոնգրեսն է միակ ուժը, որը սահմանադրական կարգով է հասնելու արտահերթ ընտրությունների և իշխանափոխության:
Այս միջոցառումները ցույց տվեցին վճռական գործողությունների կոչ անողների սնանկությունը, որոնք ՀԱԿ-ի վճռական գործողության գնալու դեպքում չքացան, մյուս կողմից էլ՝ ժողովուրդը ճանաչեց նրանց:
Շուրջօրյա միջոցառումը նաև մեր ուժերի պատասխանատու ստուգատես էր և ապացուցեց, որ ավազակապետության դեմ պայքարում Կոնգրեսը օգտագործելու է օրինական բոլոր միջոցները և պատրաստ է նաև անժամկետ շուրջօրյա հանրահավաքների: Իշխանությունները դիմեցին բոլոր միջոցներին, չխորշեցին Երևան մտնող մայրուղիների տոտալ շրջափակումից, սրճարանները և արտաքնոցները կողպելուց, բոլոր հեռուստակայաններում սպառնալից հաղորդագրություն սփռեցին՝ նստացույցը ցրելու մասին:
Իշխանությունը ստիպված եղավ բացահայտել հակազդեցության իր ողջ զինանոցը` մատնելով իր ահաբեկվածության աստճանը, մյուս կողմից՝ հավաստելով, որ ՀԱԿ-ին է համարում իր գոյությանը սպառնացող միակ ուժը: Դրանով հանդերձ՝ իշխանությունները չհանդգնեցին բռնի գործողություն իրականացնել խաղաղ ցուցարարների նկատմամաբ՝ մի կողմից կաշկանդված լինելով Մարտի 1-ի սպանդի տակից դուրս եկած չլինելու հանգամանքով, մյուս կողմից՝ ՀԱԿ-ի միջազգային բարձր վարկի շնորհիվ:
8 օրվա ընթացքում չգրանցվեց վտանգավոր որևէ միջադեպ, ինչում իրենց դերն ունեցան ինչպես շուրջօրյա հանրահավաքների մասնակիցների երկաթյա կարգապահությունը, այնպես էլ ոստիկանության աշխատակիցների կարգապահությունը: Միջոցառումն ապացուցեց, որ եթե ոստիկանությունը չի միջամտում, ապա Կոնգրեսի պատճառով ոչ մի միջադեպ տեղի չի ունենում, նույնը կլիներ Մարտի 1-ին:
Շուրջօրյա նստացույցն ավելի միակուռ դարձրեց Կոնգրեսի անդամներին, միասնականություն դրսևորվեց Կոնգրեսի համակիրների միջև:
Ավելի տեսանելի դարձան իշխանական ճամբարում առկա ճեղքերը և նրանց նկատմամբ առկա համընդհանուր արգահատանքը:
Ձեր և Մարտի 1-ի զոհերի հարազատների ակտիվության շնորհիվ ԵԽԽՎ-ն ստիպված եղավ էականորեն վերանայելու Հայաստանի վերաբերյալ բանաձևը և խիստ պահանջներ դնել իշխանությունների առջև: Որքան մենք ակտիվ լինենք, միջազգային հանրությունը մեր օգտին ավելի շատ որոշումներ կընդունի: Պայքարելով՝ մենք կարժանանանք ողջ աշխարհի հարգանքին:
Շուրջօրյա հանրահավաքների մասին հայտարարելով՝ միաժամանակ ՀԱԿ-ը պատրաստակամ է վերսկսել երկխոսությունն իշխանությունների հետ, սակայն վերջինիս կատարյալ անհաղորդությունը մեզ ստիպեց անիմաստ համարել բանակցությունների շարունակությունը, միաժամանակ, սակայն, հայտարարելով, որ եթե նրանք դիմեն մեզ՝ մենք չենք հրաժարվի դա քննարկել:
Կարծում եմ, սակայն, սա էլ արդեն դադարել է այժմեական լինել, նույնիսկ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են դադարել այժմեական լինել: Այսօրվանից մեր գլխավոր, հիմնական, միակ լոզունգը լինելու է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը:
Նկատի ունենալով վերոշարադրյալը` բավարարվածության զգացումով Կոնգրեսը ձեզ, առաջին հերթին Ազատության հրապարակում գիշերող հազարավոր նվիրյալներին առաջարկում է ժամանակավորապես դադարեցնել այս միջոցառումը:
Ես ասել եմ, մեր պայքարի հաջողությունը կախված է միայն ու միայն կարգապահությունից և Կոնգրեսի ղեկավարության որոշումների անվերապահ կատարումից, ով այսպես չի վարվում նա օգնում է Սերժ Սարգսյանին:
Առաջարկում եմ՝ ժամանակավորապես դադարեցնել այս միջոցառումը և պահանջված պահին պատրաստ լինել անժամկետ նստացույցի: Դուք այս 8 օրերի ընթացքում պատվով կատարեցիք ձեր պարտքը՝ ապացուցելով որ ձեր վճռականությունը սահմաններ չունի:
Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, որի ընթացքում ՀԱԿ-ը ձեզ կներկայացնի իր հետագա գործունեության ծրագիրն ու կոնկրետ անելիքները»:









































