Այսօր «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի բակում երկրպագուները, մարդիկ, դերասանները, պարարվեստի ներկայացուցիչները վերջին ծափահարությունները նվիրեցին իրենց սիրելի արտիստ, պարարվեստի լեգենդ Վանուշ Խանամիրյանին՝ «Սպարտակ» բալետի հնչյունների ներքո:
Ինչպես տեղեկացնում է կառավարական հանձնաժողովը, հուղարկավորությունը պետք է տեղի ունենա Երևանի քաղաքային պանթեոնում:
Իր 84 տարիների ընթացքում Վանուշ Խանամիրյանը հանդիսատեսին հրամցրել է բազմաթիվ բալետային կատարումներ և այլ պարեր, եղել է մի շարք պարերի և պարախմբերի հիմնադիր:
Նա ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 5-ին, Երևանում:
1935-1941թթ. սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում:
1941-1969թթ. եղել է օպերայի և բալետի թատրոնի գրեթե բոլոր բեմադրությունների պարային հատվածների՝ կամ գլխավոր կատարողը, կամ բեմադրիչը:
Վանուշ Խանամիրյանը 25 տարի`1968-1992 թվականներին, եղել է Հայաստանի պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր բալետմայստերը:








































