Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ TÜRKSAM միջազգային հարաբերությունների ու ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ, Իգդիրից թուրքական խորհրդարան անցած և «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) ներկայացնող Սինան Օգանը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին «սառը պատերազմ» է սկսել Թուրքիայի դեմ.
«Սարկոզին հաջորդ տարվա մարտին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ցանկանում է շահել հայերի քվեները։ Դրա համար էլ ֆրանսիական լրատվամիջոցները մանրամասնորեն նկարագրում են նրա հայաստանյան այցի մանրամասները և փոխարենը՝ տեղեկատվություն չեն ներկայացնում Ադրբեջան ու Վրաստան կատարած այցերի մասին։ Ֆրանսիայի հայ համայնքին հրամցնում են Սարկոզիի անսպասելի քայլերը, որոնք հակասում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին։
Սարկոզին ցանկանում է թուրք-ֆրանսիական հարաբերությունների վատթարացում։ Դրա պատճառն այն է, որ Ֆրանսիան վարում է Թուրքիայի նկատմամբ գերազանցության հասնելու քաղաքականություն։ Բնականաբար, Թուրքիան կպատասխանի Սարկոզիին, սակայն ներկայումս չպետք է ձեռնարկվեն այնպիսի քայլեր, որոնք Սարկոզիին կօգնեն մնալու ուշադրության կենտրոնում։
Մյուս կողմից էլ՝ Սարկոզիի հայտարարություններին ամենաադեկվատ պատասխանը կլինի այն, որ ադրբեջանական նավթի ոլորտում բացառվի ֆրանսիական ընկերությունների ներկայությունը և դեպի Թուրքիա ֆրանսիական ապրանքների ներկրման վրա արգելք դնելը»։










































