Հոկտեմբերի 8-ի՝ ժամը 08.00-ի դրությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների ցուցակում դեռևս փոփոխություն չկա: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը: Իսկ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հսկայական հողազանգվածի տակ հայտնված մեքենաներից 22-ը փրկարարները դուրս են բերել սողանքային գոտուց:
Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 6 աշխատանքային տեղամասերում: Հողահեռացման աշխատանքներին մասնակցում է 113 փրկարար, Ախթալայի լեռնափրկարարական ջոկատից` 7 լեռնափրկարար, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և պաշտպանության նախարարության աշխատակիցները: Որոնողական աշխատանքներին ներգրավվել են «Հարավկովկասյան երկաթուղու», Թեղուտի հանքավայրի, «Լևոն 2» ՍՊԸ-ի կողմից տրամադրված հատուկ տեխնիկական միջոցները:
Այսօր առավոտյան ժամը 8¬-ից որոնողափրկարարական աշխատանքները սողանքային գոտում ավելի ինտենսիվ են դարձել` ևս 60 հրշեջ¬-փրկարար ժամանել է Երևանից, 15-¬ը` Հրազդանի ՋԷԿ¬-ից, 15¬-ը` Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատից: Ընդհանուր առմամբ, այս պահին սողանքային գոտում է գտնվում 200 հրշեջ-¬փրկարար:
Շրջելով աշխատանքային բոլոր տեղամասերով` ԱԻ նախարար Արմեն Երիցյանն առավոտյան խորհրդակցության ժամանակ փրկարարների առջև խնդիր է դրել` ցուցաբերել առավելագույն զգոնություն, զգուշություն և աչալրջություն:
«Սկսվում է աշխատանքների ամենաբարդ և վտանգավոր փուլը: Ծանր տեխնիկայի ինտեսիվ ներգրավման հետ շեշտակի մեծանում է նոր սահքի և հողաշերտի վտանգավոր տեղաշարժի հնարավորությունը: Իմ շատ սիրելի գործընկերներ, ձեզանից յուրաքանչյուրի կյանքը թանկ է ինձ համար: Ամբողջ ժողովուրդը հիմա մեզ է հետևում: Հոգնության և դժվարությունների մասին հետո կխոսենք: Հիմա գործելու ժամանակն է: Մենք պատվով պիտի դուրս գանք այս փորձությունից: Մեր կոչումն ամենադժվար պահին մարդկանց կողքին լինելն»,- պահանջել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Ներկա պահին աշխատանքներ են տարվում երևացող վերջին`23¬-րդ ավտոմեքենան դուրս բերելու ուղղությամբ: Հողաշերտի տակ, ըստ օպերատիվ տվյալների, դեռ մնում է 4-5 մեքենա:
Անհետ կորածների թիվը նույնն է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում, Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:
Այսօր, ավելի ուշ՝ ժամը 12.10-ին, երկաթուղային շարժական կռունկի օգնությամբ հողազանգվածից դուրս է բերվել «Իվեքո» մակնիշի մեծ կցորդով C7199BH պետհամարանիշով բուլղարական բեռնատար ավտոմեքենան, որը գրեթե ամբողջությամբ մնացել էր հողի տակ: Բեռնատարի դուրսբերման ուղղությամբ աշխատանքները սկսվել էին դեռ երեկ:
Ներկայումս սողանքի հողազանգվածից դուրս է բերվել տարբեր մակնիշի և բեռնատարողության 23 ավտոմեքենա: Բայց ցավոք, կորածների հարցում դեռ նորություն չկա:










































