Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Երևանում գտնվող իր թղթակիցը հարց է ուղղել Հայաստան այցելած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին։ Թուրք լրագրողը հարցրել է, թե արդյոք Սարկոզին անկեղծորե՞ն է հայտարարել, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, թե՞ դրա հետևում այլ պատճառներ կան։
Ի պատասխան՝ Սարկոզին նշել է. «Հայոց ցեղասպանությունն իրողություն է, մենք չենք կարող անտեսել այն։ Թուրքիան էլ դա գիտի, սակայն, քաղաքական դրդապատճառներից ելնելով, հրաժարվում է դա ընդունել։ Սա ասել եմ նաև վարչապետ Էրդողանին։ Եթե չհավատայի, որ ցեղասպանություն է եղել, չէի ասի դա։
Կարծում եմ, որ Ֆրանսիան այս հարցում մեծ առաքելություն ունի և այս հարցը հնարավորինս շուտ լուծելու համար գործուն քայլերին անցում կատարելու տեսանկյունից ամենակարևոր երկիրն է։ Հուսով եմ, որ իմ կոչն արձագանք կգտնի։ Գերմանիան և Ֆրանսիան Երկրորդ համաշխարհային պատերազմից՝ աշխարհի ամենամեծ ցեղասպանությունից հետո, ներկայիս Եվրոպայի ամենամոտ երկու դաշնակիցներն են։ Հաշտության համար պետք է ռիսկի դիմել։ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»։
Թուրքական թերթը գրել է նաև, որ Սարկոզին Հայաստան է եկել Ֆրանսիայի հայ համայնքի քվեները շահելու համար։
Հիշեցնենք, որ Սարկոզին Երևանում հայտարարել էր, որ եթե Թուրքիան մինչև տարեվերջ չընդունի Հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։










































