Հանդիպման սկզբում Սամվել Մկրտչյանը տեղեկացրեց իր պաշտոնավարման ավարտի վերաբերյալ և շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար:
Գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակություն հայտնեց վերջին տարիներին Դաշինքի և Հայաստանի միջև հարաբերությունների նշանակալից առաջընթացի առնչությամբ և հուսաց, որ այն երկուստեք կկրի հետևողական և շարունակական բնույթ:
Կողմերը քննարկեցին Լիսաբոնի գագաթնաժողովի արդյունքները, կայացված որոշումների և ձեռք բերված համաձայնությունների իրականացման,
ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները: Հանգամանալից անդրադարձ կատարվեց գործընկերությունների տարբեր ձևաչափերի զարգացման և բովանդակությամբ հագեցման խնդիրներին:
Աֆղանստանի գործողության և երկրի անվտանգության գործառույթների՝ աֆղանական իշխանություններին աստիճանաբար փոխանցման խնդիրների հետ կապված՝ Կլաուդիո Բիզոնիերոն դրվատեց Հայաստանի ղեկավարության որոշումը` կրկնապատկելու գործողությանը մասնակցող իր զինվորականների թիվը:
Սամվել Մկրտչյանը ներկայացրեց ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող զարգացումները: