Բրիտանացի գիտանականները կրթության և գիտության նախարարին ուղարկել են այն հիմնական խնդիրների ցանկը, որոնք հետազոտողներին խանգարում են արդյունավետ աշխատել և կարող են հանգեցնել երկրի գիտության կործանմանը:
Ինչպես հաղորդումէ Lenta.ru-ն, իրենց ցուցակը կազմելիս գիտնականները խորհրդակցել են Մեծ Բրիտանիայում 160 ինստիտուտներում աշխատող հարյուրավոր գիտնականների ընտանիքների հետ: Իրենց կարծիքն են արտահայտել գիտության ոլորտի տարբեր աստիճանների ներկայացուցիչներ` սկսած ուսանողներից մինչև բաժինների ղեկավարներ:
Հարցումների արդյունքում վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնց պատճառով բազմաթիվ գիտնականներ հեռանում են գիտությունից և ընտրում գործունեության այլ շրջանակներ:
Ուղերձի հեղինակները եկել են այն եզրակացության, որ գիտնականների ճանապարհին հիմնական խոչընդոտն իրենց ապագայի նկատմամբ անվստահությունն է, որը պայմանավորված է գիտնականների համար մշտական հաստիքների թվի կրճատմամբ (Արևմուտքում գիտնականները հիմնականում աշխատում են կարճաժամկետ` 2-3 տարվա պայմանագրերով): Ուղերձում նաև հիշատակվում է ցածր աշխատավարձը, գիտական տեքստերի անհասանելիությունը, ինչպես նաև անխուսափելի տեղափոխությունների պատճառով առաջացած ընտանեկան դժվարությունները:
Ուղերձի հեղինակները նախարարին առաջարկում են հնարավոր ռազմավարություն, որը կօգնի հաղթահարել այդ դժվարությունները: Մասնավորապես՝ նրանք խորհուրդ են տալիս կառավարությանը սկսնակ գիտնականների համար ստեղծել նոր թոշակային համակարգ, քանի որ դրամաշնորհներ տալիս այժմ հիմնականում առաջնություն են տալիս գիտության մեջ իրենց այս կամ այն կերպ արդեն դրսևորած գիտնականներին:









































