«Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում նախորդ գիշերը շիաների ցույցի ժամանակ 16-ամյա Ահմեդ Ջաբեր ալ Քատանը սպանվել է ոստիկանության կողմից»,- հայտնում է արաբական «Ալիֆ» ինտերնետ կայքը:
«Ահմեդ Ջաբերի սպանությունը դարձավ իշխանությունների հերթական հանցագործությունը բնակչույթան նկատմամբ, որը փորձում է երկրում հաստատել ժողովրդավարություն»,- ասված է Բահրեյնի շիական ընդդիմության խոշորագույն միության` «Ալ Վիֆակի» հայտարարության մեջ:
Բահրեյնի ներքին գործերի նախարարը հաստատել է ցուցարարի մահվան փաստը, սակայն ՆԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ նա մահացել է, ոչ թե կրակոցից, այլ սրտի նոպայից: Նախարարության տվյալների համաձայն` Ահմեդի դին տեղափոխել են հիվանդանոց` փարձաքննությունն իրականացնելու և մահվան իրական պատճառները ճշտելու համար:
Բացի այդ, Բահրեյնի ՆԳՆ-ն ընդունել է այն փաստը, որ ցուցարարներին ցրելու համար կիրառել է ուժ, արցունքաբեր գազ և խլացնող նռնակներ:
Հիշեցնենք, որ Բահրեյնում զանգվածային ցույցերը սկսվել էին այս տարվա փետրվարին: Ցույցերին հիմնականում մասնակցում էին ընդդիմադիր, երկրում մեծամասնություն կազմող շիաները, որոնք դժգոհ էին երկիրը կառավարող սունի փոքրամասնությունից և պահանջում էին ընդլայնել իրենց իրավունքները:
Բահրեյնում ցույցերը ճնշվել էին մարտին՝ զորքի միջամտությամբ, որը ուղարկվել էր Պարսից Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի կողմից, և որոնք մինչև այժմ մնում են երկրի տարածքում: Սեպտեմբերին Բահրեյնում կրկին սկսվեցին ցույցեր` կապված խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ:











































