Վաղը «Նարեկացի արվեստի միությունում» տեղի կունենա երգիչ Վահան Արծրունու մեկնաբանությամբ ու երգչուհի Հասմիկ Բաղդասարյանի կատարմամբ` «Մաշտոց, սրբազան մարգարիտներ» ձայնասկավառակի շնորհանդեսը:
Ձայնասկավառակում ընդգրկված են Մեսրոպ Մաշտոցի 11 շարականները: «11-ը միասին մեկ ալբոմի մեջ առաջին անգամ են ներառված: Կան նաև շարականների չմշակված տարբերակները, որ մարդիկ ցանկության դեպքում կարողանան ունկնդրել իրենց ցանկացածը»,- ասաց Վ.Արծրունին` հավելելով, որ շարականները բավական ծանոթ են հանրությանը: Ձայնասկավառակում կան նաև շարականների նոտաները:
«Հայտնի է, որ Մաշտոցը գրել է 130 բանաստեղծություն, որոնց մի մասը Սահակ Պարթևի հետ համագործակցությամբ դարձել են երգեր»,- ասաց երգիչը: Մաշտոցի շնորհիվ մեզ հասել է երաժշտական այն կոդը, որը պատկերացում է տալիս մեր ազգային ինքնության մասին: «Մաշտոցը նկարագրվում է որպես հայկական հոգևոր երաժշտության հիմնադիր:
Վ . Արծրունու խոսքով` իր համար շատ կարևոր է, որ շարականները ներկայացվում են 21-րդ դարին համապատասխան երաժշտական տեխնիկայով: «Երաժշտական այս կերպը մերժվում է` հեռուստատեսությամբ ներկայացնելով անճաշակությունը»,- ասաց Վ. Արծրունին` նշելով, որ կցանկանար, որ այս ձայնասկավառակը տեղ գտներ յուրաքանչյուր հայի բնակարանում, ու այդ դեպքում ոչ ոք չի լսի այլ երաժշտություն:
Վ. Արծրունու խոսքով`այն զգացողությունը, որ ֆիզիկական ձայն եք լսում, կկորչի, Հասմիկը դուռ է բացում դեպի հոգևոր աշխարհը. «Նա տարրալուծվում է այդ ամենի մեջ, դառնում է միջոց` առնչվելու բուն էության հետ»:
Ձայնասկավառակում տեղ են գտել «Ողորմեա», «Ի նեղության իմում», «Տէր, որ ի մեջ լերինն», «Ողորմեա ինձ, Աստված» և այլ շարականներ:
Ձայնասկավառակը թողարկվել է 1000 oրինակով:











































