Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ որոշակի ակնկալիքներ ունի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի վրացական այցից։ Վրաստանի փոխարտգործնախարար Թոռնիկե Գորդաձեն լրագրողներին հայտարարել է, թե վրացական կողմը սպասում է, որ թբիլիսյան այցի ժամանակ Սարկոզին Վրաստանի համար կարևոր ուղերձներ կհնչեցնի.
«Վրաստանն առաջին հերթին սպասում է, որ Սարկոզին հնչեցնելու է իր իսկ միջնորդությամբ երեք տարի առաջ կնքված համաձայնագրի կատարման վերաբերյալ իր դիրքորոշումը։ Մենք Սարկոզիից ակնկալում ենք Ռուսաստանի ղեկավարությանը հասցեագրած հստակ ուղերձներ երեք տարի առաջ նրա միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ։
Ֆրանսիայի նախագահի այցը մեծ նշանակություն ունի ԵՄ-ի հետ Վրաստանի հարաբերությունների զարգացման տեսանկյունից»։
Հիշեցնենք, որ երեք օր առաջ Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն հայտարարել էր. «Սարկոզին այն մարդն է, որը 2008 թվականին ակտիվորեն ներգրավվել է 6 կետից բաղկացած համաձայնագրի կնքման գործընթացում, ինչը վճռորոշ դարձավ։ Սարկոզին այն մարդն է, որը երկրի համար ամենածանր ու բարդ ժամանակաշրջանում՝ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ, եղել է Վրաստանի ու վրաց ժողովրդի կողքին»։









































