Հոկտեմբերի 11-ին, ժամը 12.00-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կհրապարակի Սեդրակ և Բելլա Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի գործով դատական ակտը:
Երեկվա դատական նիստով, փաստորեն, ավարտվեց «Ժամանակ» օրաթերթի կողմից ներկայացված բողոքի քննությունը, և այնպիսի տպավորություն էր, որ երկրորդ ատյանի դատարանը առաջին ատյանի դատարանի օրինակով ևս ամեն կերպ պաշտպանելու է Հայաստանի երկրորդ նախագահի ընտանիքի անդամներին: Մինչ բողոքի քննության ավարտը հայտարարելը, դատարանը մերժեց «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի երկու միջնորդությունները: Դրանցից մեկը վերաբերում էր առաջին ատյանի դատարանից Վերաքննիչ տեղափոխելու ճանապարհին գործից անհետացած, ապա հայտնաբերված շատ կարևոր տեղեկանքին:
Այդ անստորագիր տեղեկանքը փաստաբանը պատահմամբ էր հայտնաբերել` դատաքննությունից առաջ գործի նյութերը պատճենահանելիս: Ն.Բաղդասարյանի խոսքով` տեղեկանքում գրված է եղել, թե ինչ հիմքերով պետք է բավարարվի Քոչարյանների ընտանիքի հայցն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի և ինչու պետք է մերժվեն «Ժամանակ»-ի փաստաբանի հակափաստարկները: Այլ կերպ ասած` այն արտացոլում էր դատական ակտի բովանդակությունը` մինչ դատարանի կողմից դատական ակտ կայացնելը: Իսկ երբ փաստաբան Բաղդասարյանը հարց էր բարձրացրել, թե` ո՞ւմ կողմից է պատրաստվել տեղեկանքը և ի՞նչ է դա նշանակում, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ներկայացուցիչները պատասխանել էին, որ տեղյակ չեն, գործով նախագահող դատավոր Արայիկ Մելքումյանը նշել էր, որ ծանոթ է այդ գրությանը և այն թողել էր գործում` առանց դրա ծագման աղբյուրը պարզաբանելու: Որ այդ տեղեկանքի մասին հիշատակվել է առաջին ատյանում` հաստատվում է դատական նիստի ձայնագրառման սկավառակում արձանագրված` դատավորի և փաստաբանի երկխոսությամբ. այստեղ ուշագրավն այն է, որ այդ մասի ձայնագրությունը մասամբ խզված է անհասկանալի ինչ-որ խշշոցով (20.04.2011թ.-ի դատական նիստ, ժամը` 12.48 ր.38 վրկ.):
Թե ինչպես կարող էր փակ դահլիճում նման խշշոց լինել (որին հետևել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները) խոսափողներից մեկում, թողնում ենք ընթերցողի երևակայությանը: Միայն նշենք, որ դատարանում այդ պահին միացված միկրոֆոններից մեկը, այնուամենայնիվ, արձանագրել է դատավորի խոսքը` տեղեկանքը ընդունում է և կցում գործին: Բացի դա, հենց այդ տեղեկանքից է փաստաբանը իմացել, որ մինչ հայց ներկայացնելը հայցվոր կողմը մի անգամ էլ է հայցադիմում ներկայացրել դատարան, բայց քանի որ Քոչարյանները պետտուրքը վճարած չեն եղել, իսկ անապահով լինելու մասին տեղեկանք էլ ներկայացրած չեն եղել, այն վերադարձվել է:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում պատասխանող կողմը միջնորդել էր` այդ տեղեկանքը կցել գործին. և մինչ որոշում կայացնելը` դատարանը փորձում էր ընկերության փաստաբանից պարզել, թե ինչու է այդ անստորագիր տեղեկանքը հետաքրքրում նրան` ուզում է այն թույլատրելի՞ ապացույց ճանաչվի, թե՞ անթույլատրելի: Ն.Բաղդասարյանը պատասխանել էր` թողեք այն մնա գործին կցված: Դատարանն էլ, որպեսզի հասկանա տեղեկանքի ծագման աղբյուրը, իսկությունը և փաստաբանի հեռահար նպատակը, հետաձգել էր դատական նիստը և հոկտեմբերի 6-ին, փաստորեն, մերժեց այն` տեղեկանքը վերադարձնելով Ն.Բաղդասարյանին: Նշեց, թե հետազոտել է ձայնագրությունը, և այդ տեղեկանքը չի եղել գործին կցված: Պատասխանողը մերժման հետ կապված հայտարարություն արեց վերը նշված հանգամանքների մասին, որի ընթացքում նախագահող դատավորն անընդհատ հորդորում էր ասելիքը կարճ ներկայացնել:
Ն.Բաղդասարյանի երկրորդ միջնորդությունը վերաբերում էր վերաքննիչ քաղաքացիական դատարանում գործի վարույթը կասեցնելուն և քաղօրենսգրքի 1087.1 հոդվածի որոշ դրույթների հակասահմանադրականության հարցը վիճարկելուն: Այն պահին, երբ փաստաբանը հիշատակում էր իր միջնորդությունը հիմնավորող օրենսդրական նորմերը, Սահմանադրությամբ, Եվրոպական դատարանի նախադեպերով ամրագրված` ազատորեն կարծիք արտահայտելու, գաղափարներ տարածելու լրատվամիջոցների իրավունքների իրավական հիմքերը, նիստի մասնակից դատավորներից Խաչատրյանն անընդհատ խանգարում էր փաստաբանին` ասելով` օրենքները մեզ մի ասեք, կոնկրետ միջնորդությունը ներկայացրեք, մենք օրենքները գիտենք, դատարանում պետք չէ նման բաներ անել, դա դատարանին հետաքրքիր չի և այլն… Մի բան, որ չարվեց հայցվոր կողմի երկարաշունչ առարկությունը ներկայացնելու ժամանակ:
Ուղղակի հետաքրքիր է` եթե մեզ մոտ ընդունված է մրցակցային դատավարությունը և կողմը իր դիրքորոշման ճշմարտացիությունն ապացուցելու համար հղում է անում իրավական նորմերին, ինչու այն չպետք է հետաքրքրի դատարանին` եթե իսկապես ուզում է օբյեկտիվորեն քննել վեճը: Այնպիսի տպավորություն էր, որ դատարանը, աչքի առաջ ունենալով սույն գործով առաջին ատյանում թույլ տրված «ձայնագրառման սխալը», փորձում էր նման սխալ թույլ չտալ` պարզապես սահմանափակելով կողմի իրավունքը:
Այդուհանդերձ, Ն.Բաղդասարյանին հաջողվեց հրապարակել միջնորդությունը. հղում անելով ՄԻԵԴ-ի նախադեպերին` փաստաբանը նշեց, որ վիճարկվող օրենքը չունի համապատասխան որոշակիություն. ապաքրեականացումից հետո զրպարտությանը վերաբերող օրենքի ձևակերպումից հանվել է «ակնհայտ սուտ» արտահայտությունը, իսկ վիրավորանքին վերաբերող դրույթից` «անպարկեշտ» բառը, որոնք պետք է ցույց տային արարքի դիտավորությունը և համարվեին զրպարտություն կամ վիրավորանք: Իսկ գործող օրենսդրության պայմաններում` շատ բան, օրինակ` թվի անճշտություն, կարող է կամայականորեն մեկնաբանվել որպես զրպարտություն կամ վիրավորանք: Տուգանքի չափը որոշելը թողնված է դատարանի հայեցողությանը: Հայցվոր կողմը առարկեց միջնորդության դեմ. նշեց, որ կողմը վիճարկվող հոդվածի ոչ թե սահմանադրականության հարցն է բարձրացնում, այլ «կոնվենցիականության», ուստի այն պետք է մերժել և չպետք է մոռանալ, որ մարդու իրավունքները բարձրագույն արժեքներ են:
Եվ դատարանը մերժեց պատասխանողի միջնորդությունը, ապա հայտարարեց, որ գնում է խորհրդակցական սենյակ` հոկտեմբերի 11-ին վերադառնալու և դատական ակտը հրապարակելու համար: Հենց այդ ակտից էլ հասկանալի կդառնա` մեր տպավորությունը, կանխազգացումը դատարանի վարքագծի վերաբերյալ, ճի՞շտ էր, թե՞ խաբուսիկ:
Էլմիրա Մարտիրոսյան
«Ժամանակ»











































