Հոկտեմբերի 6-ին մեկնարկած Ֆրանսիական Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան պետական այցի շրջանակներում ԱԳՆ-ում նախարար Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանսիայի համագործակցության հարցերով նախարար Անրի դը Ռենկուրը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության ծրագիրը»:
Այնուհետև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և Ֆրանսիական զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Դով Զերան ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Ֆրանսիական զարգացման գործակալության միջև:
Ստորագրված փաստաթղթերը հարստացնում են հայ-ֆրանսիական լայն իրավապայմանագրային դաշտը, որը ներառում է 25 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագիր, և նոր հնարավորություններ ընձեռում համագործակցության առավել խորացման համար:











































