Աշխարհում ամենաշատ սպանությունները տեղի են ունենում Կենտրոնական Ամերիկայի երկրներում և Աֆրիկայում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչության հաղորդագրության մեջ, որն իրականացրել է գլոբալ հետազոտություն,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Կազմակերպության տեղեկություններով՝ անցած տարի աշխարհում իրականացվել է մոտ կես միլիոն սպանություն, ընդ որում` այդ սպանությունների մոտ 36%-ը տեղի է ունեցել Աֆրիկայում, իսկ 31%-ը` Հարավային, Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկայի երկրներում: Եվրոպական երկրներում կատարվող այս ծանր հանցագործության մասնաբաժինը կազմում է ընդամենը 5%:
Սպանությունների թիվը կրճատվում է ասիական երկրներում և Արևմուտքում, սակայն կրիտիկականի է հասել Կարիբյան ավազանի երկրներում: Աշխարհում ամեն հարյուր հազար բնակչին բաժին է ընկնում 6.9 սպանություն, որոնց 80%-ը տղամարդիկ են:









































