Այսօր ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում քննարկվեց Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՀՊ ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայման հարցը:
Թուրքագետ Լևոն Հովսեփյանը նշեց, որ սա տեղակայելով՝ Թուրքիան իր հարևանների հետ ձեռք է բերում լուրջ խնդիրներ՝ ռազմաքաղաքական առումով, և ստիպված է նոր ելքեր գտնել՝ հավասարակշռելու իր դիրքերը:
Հովսեփյանը տեղեկացրեց, որ ռադիոտեղորոշիչ կայանը վաղ նախազգուշացման համակարգ է և ներառում է ողջ Թուրքիայի տարածքը: Նա նշեց, որ այս համակարգն ուղղված է հիմնականում Իրանի դեմ, սակայն Իրանից արձակված հրթիռները, միևնույն է, որոշակի վնասներ կարող են հասցնել Թուրքիայի տարածքին:
«Սրանով Թուրքիան ցույց տվեց, որ գտնվում է Արևմուտքի` ՆԱՏՕ-ի տիրույթում, իսկ սրա դիմաց նա ստացել է որոշակի խաղաքարտ՝ գործունեություն ծավալելու Մերձավոր Արևելքում, ինչի արդյունքում էլ մենք առաջիկայում կտեսնենք Թուրքիայի էլ ավելի ակտիվացումը այդ տարածաշրջանում»,- հավելեց Հովսեփյանը:







































