ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը միջազգային նորմերը տակնուվրա արած և խիստ հակասական է որակում Գերմանիայի պատվիրակ Մարինա Շուստերի հեղինակած, մի պետությունից մյուսի անջատվելու, ինքնորոշվելու վերաբերյալ՝ «Ազգային ինքնիշխանություն և պետականություն. պարզաբանման անհրաժեշտություն» բանաձևի նախագիծը: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվականի» հետ զրույցում` հավելելով, որ բանաձևի նախագիծն ընդունվել է 79 կողմ, 18 դեմ և 2 ձեռնպահ ձայներով:
Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ բանաձևի նախագիծը Շուստերն ամենայն հավանականությամբ ժառանգել է իրեն նախորդած գերմանացի պատվիրակից: «Նա ուղղակի ժամանակ չի ունեցել` առավել հանգամանալից աշխատելու նախագծի վրա: Փաստաթղթում բազմաթիվ ոչ ճշգրիտ, հակասական ձևակերպումներ և դրույթներ կային, ուստի հայկական պատվիրակությունը փորձել է իր առաջարկներով և միջազգային իրավունքին հղումներ կատարելով հստակեցում մտցնել բանաձևի նախագծի մեջ»,- նկատեց ՀՀ պատվիրակության անդամը:
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց նաև, որ հայկական պատվիրակությունը ողջ կազմով դեմ է քվեարկել բանաձևի նախագծին: «Մեր կարծիքով՝ դա ոչ պրոֆեսիոնալ նախագիծ էր` բազմաթիվ իրար հակասող պարբերություններով: Այդ է պատճառը, որ ներկայացրել ենք նաև մեր առաջարկները, որոնք կօգնեին ճշգրտելու փաստաթուղթը: Առաջարկների մեծ մասը չի ընդունվել, սակայն որոշներն ընդունվել են»:
Ամփոփելով` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչը նկատեց, որ իրենց բոլոր հարցադրումներին Մարինա Շուստերը պատասխանել է ընդամենը մեկ նախադասությամբ. «Ես դեմ եմ ձեր առաջարկներին և խնդրում եմ հավատարիմ մնալ իմ տեքստին»` առանց լուրջ փաստարկներ ներկայացնելու:









































