Ինչպես հայտնում է Jerusalem Post-ը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ եթե ՆԱՏՕ-ն գործողություններ ծավալի իրենց դեմ, իրենք կհարվածեն Իսրայելին: Ընդ որում՝ Ասադը նշել է, որ այդ դեպքում Սիրիային կաջակցի Իրանը, որը կհարձակվի Պարսից ծոցի ամերիկյան ռազմանավերի վրա:
«Եթե Դամասկոսի հանդեպ ոտնձգություններ տեղի ունենան, ինձ կպահանջվի ընդամենը 6 ժամ, որպեսզի հարյուրավոր հրթիռներ արձակեմ Հոլանի բարձունքների և Թել Ավիվի վրա»,-ասել է Ասադն՝ իրանյան Fars News գործակալությանը տված իր հարցազրույցում: ՆԱՏՕ-ն դեռևս չի պատրաստվում քայլեր ձեռնարկել Սիրիայի նկատմամբ, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է պատժամիջոցներ կիրառել:
Հիշեցնենք, որ Սիրիայում շարունակվում են հակակառավարական ելույթները, որոնց ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է ավելի քան 2700 մարդ:










































