Այս տարվա սեպտեմբերին ռուս ուսանողներն այդպես էլ չեն ստացել ՌԴ վարչապետի կողմից խոստացված բարձր թոշակները: Համառուսաստանյան կրթական արհմիության ուսանողական խորհուրդը նամակ է ուղարկել երկրի կառավարության ղեկավարին, որում նշվում է, որ ՌԴ կրթության և գիտության նախարարությունը կոպտորեն խախտել է նրա կարգադրությունը: Այս մասին հաղորդում է Известия թերթը:
Հիշեցնենք, որ Պուտինն այս տարվա ապրիլին խոստացել էր ուսանողներին, որ թոշակները կբարձրացվեն մի քանի տոկոսով, սակայն ուսանողների թոշակի չափը եղել է այնքան, ինչքան անցյալ տարվա սեպտեմբեր ամսին: Կրթության նախարարությունը փորձել է այս իրավիճակի պատասխանատվությունը դնել բուհերի վրա և ստեղծված իրավիճակի համար մեղադրել ուսումնական հաստատությունների ղեկավարներին:
Ուսանողները վստահ են, որ ուսումնական հաստատությունների ղեկավարները մեղք չունեն կատարվածի մեջ: Նրանք գտնում են, որ բուհերի ռեկտորներին մեղադրելու փորձը կրթության նախարար Ֆուրսենկոյի կողմից խաբեբայություն է:











































