Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ քննադատել է ադրբեջանական իշխանություններին հոկտեմբերի 3-ին 4 ընդդիմադիրների դատապարտելու համար։ Ադրբեջանական դատարանն ապրիլի 2-ին Բաքվում անցկացված հանրահավաքի ժամանակ հասարակական կարգը խախտելու համար մեղավոր է ճանաչել Արիֆ Գաջիլին, Թուրալ Աբբասլըին, Մոհամեդ Մեջիդլիին և Ֆուադ Գահրամանլըին։
ԱՄՆ-ը նաև ափսոսանք է հայտնել ադրբեջանական դատարանի կողմից օգոստոսի 25-ին նույն մեղադրանքով 6 ընդդիմադիրներին դատապարտելու համար։ ԱՄՆ-ը ադրբեջանական իշխանություններին կոչ է արել հարգել ազատ հանրահավաքներ անցկացնելու և ազատ արտահայտվելու՝ սեփական քաղաքացիների իրավունքները, ինչը համապատասխանում է Ադրբեջանի Սահմանադրությանն ու միջազգային պարտավորվածություններին։ ԱՄՆ-ը նաև Ադրբեջանի իրավական կառույցներին կոչ է արել ապահովել այդ անձանց բողոքարկումների օբյեկտիվ դիտարկումը։
Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա հունիսի վերջին ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Մելիան Բաքվում ամերիկուհի լրագրող Ամանդա Էրիքսոնին և բրիտանուհի իրավապաշտպան Սիլվիա Դևիսին ծեծի ենթարկելու կապակցությամբ հայտարարել էր. «Եթե Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է ամրապնդել ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները, ապա պետք է աշխատանքներ տանի այդ ուղղությամբ։ ԱՄՆ-ը ջերմ հարաբերություններ է պահպանում այն երկրների հետ, որոնցում հարգում են իրենց քաղաքացիների իրավունքները»։










































