«Ինտերնետի առկայությունը նպաստում է գրագողության տարածմանը: Արտագրված են ներկայացվում գիտական ատենախոսությունները: Պայքարն էլ է դառնում հեշտ կազմակերպել: Մեզանում գրագողության մի քանի տեսակներ կան` նպատակաուղղված ու պատահական»,- խոսելով գիտական ոլորտում գրագողության (պլագիատ) մասին` այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
«Մարդիկ գիտեմ, որոնց ամբողջ աշխատանքները ուղղակի արտագրված են: Այդպես տպում են գրքեր, ստանում գիտական աստիճաններ, ինչը սարսափելի է»,- ասաց նա, ապա ավելացրեց․ «Հայերենով գրագողությունը բռնելը դժվար է, քանի որ հայերեն անտիպլագիատ ծրագիր չկա»:
Խուդոյանն ընդգծեց հակագրագողության ծրագրի ստեղծման անհրաժեշտությունը: «Ծրագրի ստեղծումը շատ կարևոր է: Համամիտ չեմ, երբ ասում են, որ ինֆորմացիայի գողը գող չէ»,- ասաց նա` նշելով, որ հայցորդը կամ ասպիրանտը չգիտի ինչպես ցիտել տեքստը:
Ըստ նրա՝ հասարակական գիտությունների մեջ, բացի հայ բանասիրությունը ու պատմությունը, մյուս ոլորտներում գրագողությունը շատ տարածված է` իրավաբանություն, մանկավարժություն, տնտեսագիտություն:
Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանն էլ ասաց, որ համեմատության մեջ կարելի է պնդել, որ ֆիզիկայի ոլորտում վիճակը տասնյակ անգամ ավելի բարվոք է: «Եթե դուք մտել եք ու գործում եք միջազգային դաշտում, ապա գրագողությունը շատ դժվար է»,- ասաց Ա. Իշխանյանը:
Նրա խոսքով` ֆիզիկայի ոլորտում գրագողությունը հասցված է նվազագույնի, ու ներքին պայքարն այդ երևույթների դեմ աճում ու զարգանում է: «Գրագողություն ֆիզիկայի ոլորտում հնարավոր է դիտվի բակալավրիատում ու մագիստրատուրայում»,- նկատեց նա:









































