Երկուշաբթի օրը ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան «սխալ» անվանեց Կոնգրեսի կողմից Պաղեստինի ինքնավարությանը տրամադրվող տնտեսական օգնությունը 200 միլիոն դոլարով կրճատելու մասին որոշումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Թել Ավիվում իր պաշտոնակցի` Իսրայելի պաշտպանության նախարար Եհուդ Բարաքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պենտագոնի ղեկավարը նշել է, որ «հիմա ժամանակը չէ սառեցնել Պաղեստնի համար նախատեսված փոխանցումները, երբ երկու երկրները (Իսրայելը և Պաղեստինը) պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ»:
Նախարարներն անդրադարձան նաև Իրանի միջուկային խնդրին: Ընդ որում, Պանետտան նշել է, որ Իսրայելը պետք է կոորդինացնի իր գործողությունները՝ Պաղեստինի և տարածաշրջանի այլ պետությունների հետ հարաբերություններում:
Իսրայելի պաշտպանության նախարար Եհուդ Բարաքն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և անձամբ Լեոն Պանետտային՝ երկարամյա աջակցության, ինչեպս նաև՝ իսրայելական ռազմական գերազանցության պահպանման գործում իր ներդրումն ունենալու համար: Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:








































