Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն՝ հայտարարելով, որ Անկարան թույլ չի տա հարևան Սիրիայի մասնատումը։
Այս մասին հայտնում է TRT Haber-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի հայտարարությունը։
Էրդողանը նշել է, որ «Իսրայելն ահաբեկչական պետություն է, որը չի ճանաչում օրենքն ու սկզբունքները»։
«Դրուզների հետ կապված իրավիճակի պատրվակով Իսրայելը վերջին երկու օրերի ընթացքում իր հանցավոր գործողությունները տեղափոխել է հարևան Սիրիա։ Իսրայելի ագրեսիան այսօր մեր տարածաշրջանի ամենամեծ խնդիրն է։ Նրանք, ովքեր հետևում են Իսրայելի օրինակին, վաղ թե ուշ կհասկանան, որ սխալ են հաշվարկել։ Ինչպես մենք երեկ թույլ չտվեցինք Սիրիայի մասնատումն, այնպես էլ այսօր կամ վաղը թույլ չենք տա դա։ Մեր հիմնարար քաղաքականությունն է պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու միասնությունը»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նաև հավելել է, որ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ քննարկել է, թե ինչ կարելի է անել արյունահեղությունը դադարեցնելու համար:
«Մեր համապատասխան կառույցները կապի մեջ են Սիրիայի հետ: Իսրայելը կրկին ցույց է տալիս, որ չի ցանկանում խաղաղություն և կայունություն ո՛չ Գազայում, ո՛չ Սիրիայում: Մենք կշարունակենք աջակցել մեր սիրիացի եղբայրներին և քույրերին»,-ասել է նա։









































