Իսրայելի կողմից Գազայի տարբեր շրջաններում իրականացված ավիահարվածների հետևանքով հունիսի 27-ի լուսաբացից ի վեր զոհվել է 26 պաղեստինցի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Գազայի առողջապահական իշխանություններին։
Այսպիսով, վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի թիվը հասել է 72-ի։
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ իսրայելական բանակը զանգվածային ռմբակոծություններ է իրականացրել Գազա քաղաքի արևելյան շրջաններում գտնվող բնակելի շենքերի ուղղությամբ։
Իսրայելական ուժերը շարունակում են ավերածություններ իրականացնել Արևմտյան ափի մի շարք շրջաններում և քաղաքներում, ինչպես նաև ձերբակալել բնակիչներին։
ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) հանրային տեղեկատվության գրասենյակի ղեկավար Ինաս Համդանը նշել է, որ «Գազայի հատվածում 5000 պաղեստինցի երեխա տառապում է ծանր թերսնուցումից»։
Գազայի կառավարության տեղեկատվության գրասենյակը տեղեկացրել է, որ օգնության բաշխման կենտրոններում զոհերի թիվը գերազանցել է 500-ը, ավելի քան 4000 մարդ վիրավորվել է։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 56 156-ի, իսկ վիրավորներինը՝ 132 239-ի։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։









































