Ի պատասխան Ազատության հարցման՝ Հայաստանի ԱԳՆ հայտնել է, որ Երևանն ու Բաքուն առաջարկներ են փոխանակում սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ: Իսկ հարցը վերաբերել են այն բանին, թե արդյո՞ք Բաքուն պատասխանել է սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ Երևանի առաջարկներին: Այդ առաջարկների մասին շաբաթներ առաջ բարձրաձայնել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Թե ինչ է առաջարկների բովանդակությունը, Հայաստանի վարչապետը չէր նշել: Սակայն ինքնին հատուկ ուշադրության է արժանի առաջարկների փաստը, և այն հանգամանքը, որ «փոխանակվում» են առաջարկներ: Համենայն դեպս, թվում է կամ տրամաբանությունը հուշում է, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի առումով ձևավորվել են մեկնարկի բավականին հաստատուն նախադրյալներ:
Դեռևս 2024 թվականի հոկտեմբերի վերջին թե՛ Երևանը, թե՛ Բաքուն հայտարարեցին սահմանազատման ու սահմանագծման հարցերի հանձնաժողովների կանոնադրությունը հաստատելու մասին: Ի դեպ, դա տեղի ունեցավ Կազանում Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև երկկողմ հանդիպումից անմիջապես առաջ և հետո: Հանդիպումը հոկտեմբերի 24-ին էր՝ ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում: Դրանից ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանն է ավարտել ներպետական վավերացման ընթացակարգը, և նախագահը ստորագրել է կանոնադրությունը, իսկ հոկտեմբերի 25-ին էլ Ադրբեջանը հայտարարեց, որ կանոնադրությունը ստորագրել է Ալիևը:
Հատկանշական է, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում այդ կանոնադրությունը չի անցել ներպետական վավերացման ընթացք: Հանձնաժողովների մակարդակում ստորագրվելուց ամիսներ անց, երբ Հայաստանը հայտարարեց վավերացման ընթացքը ավարտելու և նախագահի ստորագրության մասին, Բաքուն էլ ստորագրեց նախագահի մակարդակով: Սա նշանակում է, որ Ադրբեջանը հենց սկզբից ավելի ցածր իրավական մակարդակով է դիտարկել այդ կանոնադրությունը, քան Հայաստանը:
Կանոնադրության հաստատման մասին հայտարարությունից երեք ամիս անց՝ 2025-ի հունվարին, Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ համաձայնեցրել են նաև սահմանազատման այսպես ասած աշխարհագրական ուղղությունը՝ սկսել Հյուսիսային կետից և հասնել մինչև հարավային կետ: Դրանից էլ անցել է մոտ հինգ ամիս, սակայն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքը դեռևս չի մեկնարկել, իսկ Երևանն էլ հայտնում է ինչ-որ առաջարկներ «փոխանակելու» մասին, չմանրամասնելով, թե հատկապես ի՞նչ առաջարկների մասին է խոսքը: Ավելին, Բաքուն այս թեմայով առայժմ լռում է ընդհանրապես, փոխարենը «խոսելով» սահմանամերձ բնակավայրերի հարևանությամբ դիրքերում շարունակվող կրակոցներով:










































