Ազատության հրապարակում ընթացող Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասաց, որ պայքարը ուժեղ իմունիտետ է կոփել հրապարակում հավաքվածների օրգանիզմներում:
Նա շեշտեց, որ իշխանությունները անհարմար իրավիճակի մեջ կհայտնվեն` ցրելով իրենց շուրջօրյա հանրահավաքները, դրա համար էլ նման քայլի չեն դիմում:
Զուրաբյանը խոսեց Ազատության հրապարակի տարածքում գործող հասարակական զուգարանները փակելու մասին` դա համարելով իրենց խոչընդոտելու իշխանական մի տարբերակ:
«Անգամ փակել են շրջաններից մայրաքաղաք եկող ճանապարհները: Հասկանո՞ւմ եք` ինչ իշխանությունների հետ գործ ունենք: Բայց մանր խոչընդոտներին նրանց պետք է հակադրենք մեր կամքն ու վճռականությունը: Խնդրում եմ բոլորիդ՝ զանգահարել ձեր ծանոթներին և հորդորել, որ գան ու ներկա գտնվեն 18:30-ին սպասվող Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին»:








































