«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը չի ուզում կասկածել, որ Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության վերսկսման վերաբերյալ իշանության առաջիկա քննարկումները դրական արդյունք կունենան: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվականի» հետ զրույցում` խոսելով իշխանության ներկայացուցիչների`երկխոսության վերսկսման վերաբերյալ արդեն երկուշաբթի կայանալիք քննարկման մասին:
«Երկխոսությունից կարելի է միայն դրական արդյունքներ սպասել, որովհետև անկախ ամեն ինչից` դա քաղաքական մշակույթ է: Երկխոսության պարագայում կնճռոտ հարցերի վերաբերյալ երկու կողմերն, ըստ էության, գալիս են համաձայնության և իրավիճակի հրատապությունը գնահատելու, ինչը միշտ լավ հետևանքներ է ենթադրում»,- նկատեց պատգամավորը` հավելելով, որ ողջունում է երկխոսության վերսկսումը և կարծում, որ երկրի առջև ծառացած խնդիրները կարելի է լուծել միայն փոխհամաձայնության ճանապարհով:
Նշենք, որ այսօր` հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը հայտարարել էր, որ երկխոսության վերսկսման հարցը իշխանությունները կքննարկեն երկուշաբթի:
Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունն ընդհատվեց օգոստոսյան հայտնի միջադեպից հետո, երբ ՀԱԿ մի քանի ակտիվիստներ իրավապահների հետ տարաձայնությունների արդյունքում անազատության մեջ հայտնվեցին: Նրանցից Տիգրան Առաքելյանն առ այսօր ազատ չի արձակվել:











































