ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է հաջորդ տարի Աֆղանստանի տարածքից դուրս բերել 33 հազար զինծառայողների: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ուրբաթ նախագահը համապատասխան ծանուցագիր է ուղարկել Կոնգրեսին:
«Մենք զգալի առաջընթաց ենք ունեցել Աֆղանստանում և կարողացել ենք բեկել իրավիճակը` վերցնելով նախաձեռնությունը «Թալիբանի» ձեռքից… Դա մեզ հնարավորություն կտա ամբողջությամբ դուրս բերել 33 հազար զինծառայողների, որոնք երկիր են ուղարկվել 2009 թ. դեկտեմբերի իմ որոշման համաձայն»,- ասված է խորհրդարանականներին ուղարկված Օբամայի նամակում:
Այժմ Աֆղանստանում ԱՄՆ զորակազմի թիվը մի փոքր գերազանցում է 100 հազարը: Վաշինգտոնը նախատեսում է 2014 թ.-ից աստիճանաբար լիազորությունները հանձնել տեղի անվտանգության ուժերին:
Պենտագոնը հայտարարել է, որ հենց զորակազմի ավելացման շնորհիվ ԱՄՆ-ը կարողացավ «անհավատալի հաջողությունների» հասնել Աֆղանստանում, սակայն ամերիկացի բոլոր պաշտոնյաները և զինվորականները համոզված են, որ լիազորությունները աֆղաններին հանձնելու գործընթացը երկար ժամանակ կխլի, և 2014 թ.-ից հետո ԱՄՆ-ը դարձյալ կմնա Աֆղանստանում:









































