«Մեդիամաքս»-ին տված հերթական հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը, փորձելով հստակություն մտցնել իր քաղաքականություն վերադարձի մասին խոսակցություններում, որ սկիզբ առան Պուտինի վերադարձի մասին հայտարարությունից հետո, իրականում էլ ավելի անորոշ է դարձրել իրավիճակը և սրել ինտրիգը: Բանն այն է, որ Քոչարյանը, հերքելով Պուտինի վերադարձը՝ որպես իր հնարավոր ակտիվության շարժառիթ կամ հիմք, այդուհանդերձ, մատնանշել է երեք այլ հիմքեր, որոնք, ըստ էության, այս կամ այն ձևով առկա են Հայաստանում:
Նախ՝ Քոչարյանը մատնանշում է երկրի տնտեսական անմխիթար վիճակը: Այդ վիճակը կա, և Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանն ակնհայտորեն չեն կարողանում այդ հարցը լուծել, ինչը նշանակում է, որ Քոչարյանի մատնանշած մի հիմքը առկա է: Մյուս հիմքը` հասարակական տարբեր շերտերի պահանջը, մեղմ ասած՝ շատ հարաբերական է: Կան իհարկե մարդիկ, որոնք ակնկալում են Քոչարյանի վերադարձ, բայց դրանց հասարակական շերտեր անվանելը, թերևս, կլինի չափազանցություն: Սակայն այդ իմաստով Քոչարյանը համեստություն է անում և չի ասում, որ այդ պահանջը կա, այլ ասում է՝ «եթե լինի»: Թեև ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանն այդ առումով սկսել է քարոզչական բավական լայնածավալ գործողություններ այդ հիմքը առաջացնելու կամ գոնե այդպիսի տպավորություն ստեղծելու համար: Ինչ վերաբերում է ներքին համոզվածությանը, ապա այդ առումով Քոչարյանը, թերևս, մի փոքր այլ կերպ է ձևակերպում բուն խնդիրը: Ըստ ամենայնի՝ նրան ոչ թե պակասում է համոզվածությունը՝ կկարողանա՞ արդյոք վիճակը փոխել, այլ այն համոզվածությունը՝ կկարողանա՞ արդյոք լուծել իշխանության գալու հարցը, որովհետև որքան էլ Քոչարյանը փորձում է ցուցադրաբար ընդգծել Հայաստանի իշխանության ձևավորման հարցում ներհայաստանյան գործոններին նախապատվություն տալու իր ձգտումը, այնուհանդերձ, կասկած չկա, որ նա շատ լավ գիտե, թե իշխանության ձևավորման հարցում ինչ ազդեցություն ունի արտաքին աշխարհը, մասնավորաբար Ռուսաստանը: Եվ Քոչարյանը նաև շատ լավ գիտի, թե անձամբ ինքն իր կառավարման որակով ինչ մեծ «լումա» է ներդրել Հայաստանում արտաքին կենտրոնների քաղաքական ազդեցությունը մեծացնելու գործում:
Բոլոր դեպքերում, Ռոբերտ Քոչարյանի մատնանշած երեք գործոնները այնքան հարաբերական են, որ իշխանական համակարգը, որին, անկասկած, առաջին հերթին ուղղված է երկրորդ նախագահի հարցազրույցը, դրանց ծանոթանալով, ոչ թե կողմնորոշվելու է, այլ ընդհանրապես կորցնելու է հանգիստը: Ամենայն հավանականությամբ, Քոչարյանը խաղում է նաև հենց այդ հոգեբանական ընկալումների վրա, ինչն էլ խորացնելու համար իրականում էլ ավելի է սրում ինտրիգը՝ այն հանգուցալուծելու ձևի տակ դնելով խորացնող բովանդակությունը:









































